Դրանցից առաջինը տեղի կունենա այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում, YEREVAN JAZZ FEST-2021-ի շրջանակներում. Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի մասնակցությամբ կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է Վահագն Հայրապետյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Յոթերորդ անգամ Երևանը կհյուրընկալի աշխարհահռչակ ջազմեններինՀամերգը կղեկավարի անվանի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Մենակատարումներով հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), շեփորահար Դանիել Մելքոնյանը։ Համերգը կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, որի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը այս նախագծի հեղինակն է։ Համերգը նվիրված է Առնո Բաբաջաբյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։
Շատ ուշագրավ տարեվերջյան համերգ է նախաձեռնել «Հովեր» պետական կամերային երգչախումբը։ Վաղը՝ դեկտեմբերի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք «Ձմեռնամուտի համերգ» խորագրով երեկոյի ընթացքում երաժշտասերներին կներկայացվեն 20-րդ դարի արևմտաեվրոպական կոմպոզիտորների երգչախմբային ստեղծագործությունները, որոնք Հայաստանում երբեք չեն կատարվել։ Ամենատարբեր եվրոպական լեզուներով հնչող և երգչախմբային այս ստեղծագործություններն առանձնանում են իրենց յուրահատուկ երաժշտական մտածողությամբ և մատուցմամբ։ Համերգը նվիրված է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյա հոբելյանին։ Հիշեցնենք «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադիր ղեկավարը Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն է։
Իսկ դեկտեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կրկին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա մի ուշագրավ համերգով, որի մենակատարն է անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը։ Համերգի ընթացքում Հայաստանում առաջին անգամ կհնչեն իսպանացի կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները, որոնք հագեցած են իսպանական ժողովրդական թավ մոտիվներով։ Կհնչի նաև «Կրակի ծիսական պարը» Մանուել դե Ֆայայի «Կախարդված սերը» բալետից։ Համերգի երկրորդ բաժնում կհնչի Յոհաննես Բրամսի թիվ 1 սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։
Վերջում մի ուշագրավ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել օրերս Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ նվիրված մեր երաժշտարվեստի երկու մեծերի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյաններին։ Այս նախագծի հեղինակը հայազգի դիրիժոր, երգիչ, դաշնակահար, «Քլինգեն» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սիփան Օլահն է։ Նա իր հիմնադրած երաժշտական ասոցիացիայի միջոցով նպատակ ունի Եվրոպայում հանրահռչակել հայ կոմպոզիտորներին ու նրանց ստեղծագործությունները։ Բազմաթիվ օտարազգի հյուրերով լի հոբելյանական այս միջոցառման ընթացքում նա հանդես է եկել Առնո Բաբաջանյանի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված բանախոսությամբ, իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը ներկայացրել է Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքն ու գործը։ Համերգային բաժնում հանդես են եկել միջազգային ճանաչում ունեցող անվանի երաժիշտներ, որոնք կատարել են մեծանուն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
«Սա արդեն թվով երկրորդ համերգն էր Լոնդոնում, որը կազմակերպել էր «Քլինգեն» երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար, բազմակողմանի երաժիշտ Սիփան Օլահը՝ հայ երիտասարդ։ Եվ պետք է նշեմ, որ առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 16-ն, իսկ երկրորդ համերգը կայացավ նոյեմբերի 27-ին։ Այս միջոցառումը ընթացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի նախարարության աջակցությամբ և Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո»։