Ադրբեջանի զինանոցը համալրվում է նորագույն, ամենաժամանակակից սպառազինությամբ, կան զենքի ձեռքբերման մասին մի շարք պայմանագրեր բազմաթիվ երկրների հետ, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը։
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ այդ պայմանագրերից շատերը գաղտնի են, հետևաբար դրանց մասին տեղեկատվություն չեն կարող տրամադրել։
«Նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է աշխատել սպառազինության ուղղությամբ, որը կարելի կլինի կիրառել մինչև 2050 թվականը», - նշել է Գուլիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինանոցը համալրվել է նաև «մեծ քանակությամբ» հայկական զինտեխնիկայով, որն ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Այդ տեխնիկան և զինամթերքը վերանորոգվել են պաշտպանության նախարարության հետ համատեղ և փոխանցվել ադրբեջանական բանակի օգտագործմանը», - APA գործակալության հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը։