Մարդու իրավունքների և միգրանտների հարցերի շուրջ Արևմուտքի և Բելառուսի վեճերին գումարվում է Կիևի և Մինսկի միջև սրվող ճգնաժամը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Ռուսաստանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում առաջին անգամ բռնազավթված Ղրիմը ճանաչել է որպես Ռուսաստանի մաս և, կոնկրետ ժամկետներ չնշելով, ավելացրել է, որ պատրաստ է նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերակցությամբ այցելել այդ թերակղզին:
«Ղրիմը դե ֆակտո ռուսական է, ես դա դեռ այն ժամանակ էի ասել, չեմ հիշում՝ հանրաքվեն արդեն եղե՞լ էր, թե՞ ոչ, իսկ հանրաքվեից հետո Ղրիմը նաև դե յուրե դարձավ ռուսական: Ես ունեմ Ղրիմ այցելելու անառարկելի իրավունք, նշանակություն չունի, թե որ երկրի հսկողության, որ իշխանության տակ կլինի, Ղրիմը նաև իմն է, առաջին անգամ, երբ ծով տեսա, դա Ղրիմում էր»,- ասել է Լուկաշենկոն:
«Բելառուսի կողմից Ղրիմի ճանաչումը Ռուսաստանի կազմում անուղղելի հարված կհասցնի բելառուսա-ուկրաինական հարաբերություններին: Մենք հաշվի կառնենք Լուկաշենկոյի կոնկրետ գործողությունները, եթե Բելառուսն իսկապես ճանաչի Ղրիմի ապօրինի զավթումն, ապա դա շատ ծանր հարված կհասցնի մեր հարաբերություններին։ Մենք մեր ունեցած ամբողջ գործիքակազմը կկիրառենք, Ղրիմն այն հարցը չէ, որ մենք մեզ զսպվածություն թույլ տանք»,- ասել է Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Դմիտրի Կուլեբան Ռիգայում:
Լատվիայի մայրաքաղաքում նա մասնակցում է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հավաքին:
Ռիգայում Բելառուսի թեման գերակայողներից է: Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ առաջիկայում ուժի մեջ կմտնեն նոր պատժամիջոցները:
«Մոտեցման էությունն այս է՝ քանի դեռ Բելառուսի ռեժիմը հրաժարվում է կատարել միջազգային պարտավորությունները, խարխլում է Եվրոպայում խաղաղությունը և կայունությունը, շարունակում է հալածել և ճնշել իր իսկ ժողովրդին, որն ընդամենը ազատության է ձգտում, մենք կշարունակենք ճնշում բանեցնել այդ ռեժիմի վրա և չենք թուլացնի պատասխանատվությամբ գործելու մեր կոչերը Բելառուսին, սա է մեր նպատակը»,- ասել է պետքարտուղարը:
Մինչդեռ, Ղրիմում արդեն հայտարարել են, թե մեծ ուրախությամբ կդիմավորեն Բելառուսի ղեկավարին:
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովն ասել է, թե Բելառուսի ղեկավարի այդ դիրքորոշումը «միանգամայն համահունչ է Ռուսաստանի և Բելառուսի ժողովուրդների եղբայրական հարաբերություններին»:
Ինքը՝ Լուկաշենկոն «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ուղղակի չի ասել, թե Մինսկը պաշտոնապես ճանաչում է Ղրիմը որպես Ռուսաստանի անբաժան մաս, նախընտրելով խնդիրը ներկայացնել երկու լավ բարեկամների հարաբերությունների ենթատեքստում:
«Պուտինն ինձ շատ է պատմել Սևաստոպոլում նոր արդիական ռազմակայանի մասին, այնտեղ տիեզերական ուժերի կենտրոնն է: Ես էլ ասացի, թե երբ հրավիրես՝ կգամ, բայց պայման դրեցի, որ Սևաստոպոլ մեկնենք օդանավով: Եթե [Բելառուսի] նախագահը Ռուսաստանի նախագահի հետ է մեկնում այնտեղ, դրանից այն կողմ էլ ի՞նչ ճանաչում եք ուզում»,- ասել է Լուկաշենկոն:
«Բելառուսին պետք չէ ինչ-որ լրացուցիչ օրենք ընդունել Ղրիմը ճանաչելու մասին, Բելառուսը Ռուսաստանի հետ միութենական հարաբերություններում է և ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, հարգում է Ռուսաստանի ինքնիշխանությունը»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Կրեմլի համար շատ կարևոր է այն, որ բելառուսական կողմը Ղրիմը ռուսական է ընկալում»,- ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշելով, որ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները հարմար պահին միասին կմեկնեն Ղրիմ: