Ղրիմի բռնակցումից ի վեր առաջին անգամ Լուկաշենկոն թերակղզին անվանել է ռուսաստանյան

2014 թվականին Ղրիմի բռնակցումից ի վեր առաջին անգամ Ալեքսանդր Լուկաշենկոն թերակղզին անվանել է ռուսաստանյան։

«Ղրիմը դե ֆակտո, ես դեռ այն ժամանակ եմ ասել՝ դե ֆակտո դա ռուսաստանյան Ղրիմ է։ Այն ժամանակ, կարծեմ, հանրաքվեն դեռ տեղի էլ չէր ունեցել։ Չեմ հիշում։ Հանրաքվեից հետո և դե յուրե Ղրիմը դարձել է ռուսաստանյան»,- «ՌԻԱ նովոստի»-ի հետ զրույցում ասել է Լուկաշենկոն։

Նա հայտնել է, որ պատրաստվում է Սևաստոպոլ այցելել, այդ մասին արդեն «Պուտինի հետ պայմանավորվածություն կա»։

Լուկաշենկոն մշտապես խուսափել է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի կարգավիճակի հարցով միանշանակ պատասխաններից։ Մոսկվայից պարբերաբար անուղղակի մեղադրանքների ֆոնին, թե Մինսկը չի շտապում ճանաչել Ղրիմի պատկանելությունը Ռուսաստանին, Լուկաշենկոն ասել էր․ «Երբ ամենավերջին ռուս օլիգարխը կճանաչի Ղրիմը և կսկսի իր արտադրանքը առաքել այդ երկրամաս՝ ես չեմ հապաղի։ Չնայած կան գործոններ, որոնք կաշկանդում են ինձ, օրինակ, Բուդապեշտի համաձայնագիրը։ Բայց ես դա էլ կշրջանցեմ։ Տեսնում եք Ուկրաինան ինչեր է անում։ Իմ ձեռքերն ազատ են թե՛ Ղրիմի, թե՛ մնացյալ հարցերում»: