Լոռու մարզի Շնող գյուղում Ալբերտ Ուլիխանյանի նկուղում է ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող պատեֆոնը։ Ասում է՝ պատեֆոնը փրկել է ոչնչացումից։
Տասնամյակներ առաջ այն հայտնվել էր անպետք իրերի մեջ, քանդել էին՝ մեխեր պահելու համար հարմարեցված արկղ դարձրել։ Ուրիխանյանը տեսել է, խնդրել իրեն տալ, վերանորոգել ու խնամքով պահում է իր երկրագիտական թանգարան դարձած նկուղում։
«Հեռախոսը էսօր կինոկամեռա էլ ա, մուզիկա էլ ա, ամեն ինչ ա, բայց սրա ձենն, ախր, ուրիշ ա էլի», - ասաց նա:
Շնողում որպես քանդակագործ հայտնի 65-ամյա Ալբերտն արդեն հարյուրների հասնող հին իրեր ունի. սերունդե-սերունդ տնետուն անցած տրեխներ, գյուղատնտեսական գործիքներ ու կենցաղային իրեր։
Տատի տատից փոխանցված ձեռագործ խուրջինը չի օգտագործվել, բայց ասում է՝ տնից հարս գնացող բոլոր աղջիկներն իրենց հետ օժիտ են տարել. - «Սա մոտավորապես մի 100 չգիտեմ քանի տարվ ա, տատիս մոտ բաժինն ա եղել, տատիս մերն էլ իրա աղջկան ա տվել, այսինքն՝ իմ տատին, տատս էլ իրա աղջկան ա տվել, իմ հորքուրին, հորքուրս էլ Ամերիկա գնալու ժամանակ բերեց ստեղ»:
Նկուղ-թանգարանում պահում է անգամ 100 տարի առաջ Շնողի ջրամատակարարման կավե խողովակները։ Էկոլոգիապես մաքուր կավի միջով է անցել ջուրն ու գյուղացուն հասել, ասում է ու շեշտում, որ այսօր դրանց փոխարինում են մետաղյա ու պլաստմասե անհայտ ծագման նյութերը. - «Հիմա երկաթից տրուբա են քաշում, չգիտեմ ինչ են անում, կավից սարքած խողովակով ջուր ա եկել գյուղ»:
120 տարվա կշեռքը մի ուրիշ պատմություն ունի։ Ալբերտ Ուլիխանյանն ասում է՝ առևտրական ծանոթին համոզել է, որ մերօրյա էլեկտրոնային կշեռքները տասնապատիկ անգամներ հեշտացնում են գործը։ Համաձայնել է, 10 կիլոգրամանոց երկաթե կշեռքի հետ փոխանակել գրպանում տեղավորվող էլեկտրոնային կշեռքն ու հետո շնորհակալություն հայտնել, թե՝ «կյանքս հեշտացել է». - «1903 թվի կշեռք ա, Ցարական Ռուսաստանի սարքած, էս փրկեցինք, բերինք ստեղ»:
Ուլիխանյանը պատմում է ու մտքերի հետևից ընկնում՝ ինչքան նախշազարդ գորգեր է փրկել աղբավայրերից ու որքան հնագույն իրեր՝ մետաղի ջարդոնի կույտերից, որ կոպեկներով վաճառվել ու ճանապարհվում էին դեպի Իրան ու Թուրքիա. - «Ես որ մտնում եմ ստեղ, հաճույք եմ զգում, որ փրկվել են սաղ: Պատկերացնո՞ւմ եք, հիմա, սա իրանից ի՞նչ ա ներկայացնում, մի կտոր պղինձ ա, էդ պղինձը կոպեկներով վերցրել են, տարել մի տեղ ձուլել, կարող ա պատահի նույնիսկ Թուրքիա են ուղարկել»:
Հատ առ հատ ներկայացնում է իր համար արժեքավոր դարձած իրերի պատմությունն ու նշում՝ կենցաղն այսօր իսկապես հեշտ է, բայց ոչ երբեք հետաքրքիր։ Իր նկուղում հնչող պատեֆոնի ձայնը երբեք չի փոխի ժամանակակից ձայնարկիչների հետ. - «Հավաքվում էին մարդիկ, ժամերով նստում, որ պատեֆոն լսեն, նկար էինք հանում, ժամերով նստում էինք, որ նկարահանենք, գիշերով պատուհան փակում, բան անում: Ճիշտ ա, կյանքը հեշտացել ա, բայց կյանքը անհետաքրքիր ա դարձել»:
Շնողցի Ալբերտ Ուլիխանյանը, որ նաև փայտից, քարից ու մետաղից իր ձեռքով իրեր է պատրաստում, քանդակներ անում ու բնական նյութերին շունչ տալիս, ասում է՝ ձեռքի աշխատանքները կհամալրեն իր թանգարան դարձած նկուղի հարստությունը։ Կես կատակ կես լուրջ ասում է, թե իր տան դուռը կողպելիս ոչ թե տան կահ-կարասին ու ոսկեղենն է պահպանում հնարավոր գողությունից, այլ նկուղը, որ դարերի պատմություն է ամփոփում։
«Էսքան բանը, չգիտեմ ճակատագիրը հետագայում ոնց կլինի, երևի երեխաները կտնօրինեն, համենայն դեպս ասել եմ՝ քանի ես կամ չշարժվի ոչ մի բան ստեղից», - ասաց քանդակագործը: