Ցույցեր Լիբանանի խոշոր քաղաքներում՝ տնտեսական ճգնաժամի ու ազգային արժույթի գնանկման դեմ

Ցույցեր Լիբանանում, արխիվ

Լիբանանի խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Բեյրութում, հարյուրավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել տնտեսական ճգնաժամի ու ազգային արժույթի սրընթաց գնանկման դեմ։ Ցուցարարներից ոմանք այրվող անվադողեր են տեղադրել ճանապարհներին՝ երթևեկությունը կաթվածահար անելու համար։

2019-ից ի վեր երկրում տնտեսական ճգնաժամը չի հանգուցալուծվում, բնակչության գերակշռող մասն ապրում է աղքատության մեջ, լիբանանյան ֆունտը արժեզրկվել է մոտ 90 տոկոսով։

Սեպտեմբերին իշխանության եկած Նաջիբ Միկատի կառավարությանը ևս առայժմ չի հաջողվել էական արդյունքներ արձանագրել․ նոր կառավարության աշխատանքը մեկ ամիս է՝ կաթվածահար է, քանի որ կաբինետի անդամները տարաձայնություններ ունեն անցած տարի Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունների հետաքննության շուրջ։

Չնայած օր-օրի խորացող տնտեսական խնդիրներին՝ կաբինետը հոկտեմբերի 12-ից նոր նիստ չի գումարել։