Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպման ընթացքում ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Լեռնային Ղարաբաղում դեռ պատահում են միջադեպեր և մարդիկ են զոհվում:
«Ցավոք, առանց զոհերի դա չի լինում, քիչ անց մեզ կմիանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և մենք կշարունակենք քննարկումը», - ասել է Պուտինը:
Անդրադառնալով խաղաղության գործընթացին, նա գովեստով է խոսել տարածաշրջանում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների առաքելության մասին:
«Այստեղ մեր խաղաղապահները, ինձ թվում է, դրական դեր են կատարում, արդյունավետ է աշխատում նաև կրակի դադարեցման ռեժիմը հսկող ռուս-թուրքական կենտրոնը»,- ասել է Պուտինը:
Նրա փոխանցմամբ, պետք է քննարկել այն, ինչ արվել է և այն, ինչ պետք է անել, որ միջադեպեր չպատահեն:
«Հարկ է ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան կայունացնել իրավիճակը և երկրներին կընձեռեն բարձր որակի զարգացում, ինչը մարդկանց կտա հանգիստ կյանքի հնարավորություն», - ասել է Պուտինը:
Ադրբեջանի նախագահն, իր հերթին, բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահի և ռուսաստանցի խաղաղապահների դերակատարությունը «Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու գործում»:
«Ռուսաստանի խաղաղապահների տեղակայումից ի վեր նրանց պատասխանատվության գոտում լուրջ առճակատում և զինված ընդհարումներ չեն եղել, տեղի են ունեցել առանձին միջադեպեր, որոնք չի կարելի համակարգային ճգնաժամ որակել»,- ասել է Իլհամ Ալիևը: