Հայաստանի ու Իրանի արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Հայկական կողմը մանրամասնում է, որ Արարատ Միրզոյանն ու Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին, իրանցի գործընկերոջ հետ զրույցում ասել է Միրզոյանը` բարձր գնահատելով ՀՀ տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են նաև առևտրատնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում կապերի ընդլայնմանը: