Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հանրային հեռուստատեսությանը տված ծավալուն հարցազրույցում երկրում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, ընդդիմության հետ հարաբերությունների և տնտեսության զարգացման խնդիրներից զատ, անդրադարձել է նաև միջազգային և տարածաշրջանային թեմաներին: Նա ասել է, որ տվյալ պահին չկան Ռուսաստանի ղեկավարների հետ հանդիպելու համար անհրաժեշտ պայմաններ:
«Ռուսաստանը չի հարգում մեր ինքնիշխանությունը, շարունակում է մեր տարածքների զավթումը, հենց դա է հարաբերությունները վերականգնելու գլխավոր խոչընդոտը»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիայի հանգամանքը նաև թույլ չի տալիս միանալ «3+3» ֆորմատին, որն առաջարկվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո:
Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ 2012-ին, երբ իշխանությունն անցել է «Վրացական երազանքին», Ռուսաստանի հետ ընդհանրապես չի եղել ոչ մի շփում, այդ թվում` տնտեսության և մշակույթի բնագավառներում:
«Նախկին վարչակարգն այն ժամանակ փորձել է գոնե առևտրա-տնտեսական կապերը վերականգնել, առանց վիզայի ռեժիմ է սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար, չի արգելափակել Ռուսաստանի անդամակցությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, վրացական ռազմավարական նշանակության ակտիվներ և հիմնարկներ են վաճառվել ռուսական ընկերություններին, բայց մենք դրա դիմաց այդպես ոչինչ էլ չենք ստացել»,- ասել է Ղարիբաշվիլին:
Տվյալ պահին Ռուսաստանի հետ ուղիղ շփումների պայմաններ չկան, միակ շփումն իրականացվում է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի մերթ ընդ մերթ տեղի ունեցող հանդիպումների ձևաչափով:
«Դուք գիտեք, որ Աբաշիձեն և Կարասինը առևտրա-տնտեսական և մշակութային հարցերի վրա են աշխատում: Մենք դեմ չենք Ռուաստանի ղեկավարների հետ հանդիպմանը, սակայն դա պետք է լինի հանդիպում արդյունքի, այլ ոչ թե սոսկ հանդիպման համար»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով, և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանն այդօրինակ հանդիպումներում իրենց շահերն են հետապնդելու, այդպես է անում ցանկացած նորմալ պետություն, բնական է, որ Վրաստանն ունի իր շահերը, մյուս երկրներն, այդ թվում` հարևանններն, ունեն իրենց շահերը, ուստի, վրաց-ռուսական հանդիպմանը պետք է նախորդի լուրջ կազմակերպական աշխատանք:
Որպես դրական հանգամանք, Ղարիբաշվիլին նշել է, որ 2012-ին ստանձնելով իշխանությունը «Վրացական երազանքը»՝ անսալով արևմտյան գործընկերների հորդորներին, կարողացել է որոշակի դեէսկալացիա ապահովել Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններում: Սակայն քաղաքական առումով ոչինչ չի փոխվել:
Վրաստանի Հանրայինին տված հարցազրույցում վարչապետը, բնականաբար, խոսել է ընդդիմության մասին, ասելով, թե իրեն բնավ չի հետաքրքրում Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների կամ ամերիկացի որոշ կոնգրեսականների քննադատությունը Թբիլիսիի հասցեին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կալանքի տակ պահելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսիում նշում են «Վարդերի հեղափոխության» օրը«Դուք շատ լավ գիտեք, որ նախկին նախագահը Եվրոպայում և Ամերիկայում ունի, ասյպես ասեմ, «բարեկամների ակումբներ»: Նախկին վարչակարգը միլիոններ է ծախսել այդ «բարեկամների» հետ սերտ կապեր ապահովելու համար, ընդ որում այդ միլիոնները պետական բյուջեից էին: Մենք անցած 9 տարիների ընթացքում ապացուցել ենք, որ կարող ենք գործով պատասխանել նախապես ծրագրված տեղեկատվական և հոգեբանական պատերազմին: Անցած 9 տարում մենք շատ բնագավառներում լուրջ առաջընթաց ենք ապահովել, այնպես որ այդ մարդկանց հայտարարություններն ինձ համար՝ որպես վարչապետի, բացարձակ հետաքրքիր չեն»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին և ավելացրել.- «Դա ոչ էլ մեր ժողովրդին է հետաքրքիր»: