Փաշինյանն ու Օվերչուկը քննարկել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ աշխատանքային խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

Նրանք, ըստ կառավարության հաղորդագրության, քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:

Բացի այդ, հանդիպման օրակարգում են եղել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները և հունվարի 11-ի եռակողմ հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը:

Օվերչուկն այսօր նաև Բաքվում է եղել, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:

Եռակողմ աշխատանքային խումբը, երեք պետությունների ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն, զբաղվում է տարածաշրջանային ապաշրջափակմանը վերաբերող հարցերով։

Նոյեմբերի 26-ին Սոչիում նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։