Նիդերլանդների խորհրդարանը երեկ երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ, հայտնում է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը։
Բանաձևերից մեկում, ըստ դեսպանության, խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարճ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։
Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվածների թիվը 3788 է, 243 անձ անհետ կորած է
Այս տարվա նոյեմբերի 16-ին բախումներ էին սկսվել հայ-ադրբեջանական սահմանին։ Մոտ վեց ժամ շարունակված մարտերը դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմը հաղորդեց 6 զոհի մասին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը 13 հայ զինվորների է գերեվարել, 24 զինծառայողների ճակատագիրն էլ անհայտ է։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 24 զինծառայողները, ում հետ կապը նոյեմբերի 16-ին ընդհատվել էր, չճշտված տեղեկություններով գերեվարվել են: «Ունենք 24 գումարած 8 գերեվարված, բայց էլի այս տվյալները վերջնական ճշգրտման կարիք ունեն», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 24 զինծառայողները, չճշտված տեղեկություններով, գերեվարվել են․ Փաշինյան
«Հաշվի առնելով ս.թ.դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ ԱլԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից», - ասված է բանաձևում։