Մահացել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Չոն Դու Հվանը

90 տարեկանում մահացել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Չոն Դու Հվանը։ Նա իշխանության էր եկել ռազմական հեղաշրջման արդյունքում և միակ թեկնածուն էր 1980 թվականի նախագահական ընտրություններում։

1996 թվականին Չոն Դու Հվանը մահապատժի էր դատապարտվել խաղաղ ցույցերը ցրելու համար, որի հետևանքով սպանվել էր 200 մարդ, շուրջ 1800-ը վնասվածքներ էին ստացել։ Նա մեղավոր է ճանաչվել խռովությունների, պետական դավաճանության և կոռուպցիայի համար։ Մեկ տարի անց, դատարանը չեղարկել է վճիռը՝ պատիժը փոխարինելով 1.3 միլիարդ դոլարի տուգանքով, իսկ 1997 թվականին նրան համաներում է շնորհվել «ազգային հաշտեցման» շրջանակներում։

Չոնի կառավարման տարիներին Հարավային Կորեան դարձել է ասիական ամենազարգացած տնտեսությունն ունեցող երկրներից մեկը։ 80-ականների վերջին բռնապետը ժողովրդավարական բարեփոխումներ է նախաձեռնել, որի արդյունքում երկրում տեղի են ունեցել ազատ ընտրություններ։

Տուգանքը Չոնը այդպես էլ չի մուծել։ Իրավապաշտպան կառույցները հիշեցնում են, որ նա այդպես էլ ներողություն չի խնդրել իր կառավարման տարիների զոհերից։