Ալեքսանդր Լուկաշենկոն խոստանում է ամենամոտ ապագայում վերջնականապես ոչնչացնել Բելառուսի տարածքում արևմտյան ֆինանսավորմամբ աշխատող բոլոր հասարակական կազմակերպությունները։
«Մորթելու ենք այն բոլոր սրիկաներին, որոնց դուք ֆինանսավորում էիք։ Նրանց, որոնք ձեր ֆինանսական օժանդակությունն էին ստանում և այստեղ՝ Մինսկում ջարդարարությամբ էին զբաղված։ Եթե դրանցից որևէ մեկին դեռ չենք վերացրել՝ կվերացնենք մոտ ապագայում», - դիմելով BBC-ի թղթակից Սթիվեն Ռոզենբերգին՝ ասում էր Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարի հարցազրույցը բրիտանական հեռուստաընկերության եթերում հեռարձակվեց երեկ երեկոյան։ Դրա գլխավոր առիթը, սակայն, ոչ այնքան Բելառուսում ծավալվող ներքաղաքական զարգացումներն էին, որքան լեհ-բելառուսական սահմանին ծագած միգրացիոն ճգնաժամը։
Հարցազրույցի սկզբում BBC-ի թղթակիցը փորձում էր պարզել՝ ի վերջո Լուկաշենկոն ընդունո՞ւմ է, որ Մերձավոր Արևելքից Բելառուս բերված հազարավոր անօրինական ներգաղթյալներին Մինսկը որպես լծակ է օգտագործում ԵՄ-ի դեմ։ Լուկաշենկոն, պնդելով, որ ինքը ներգաղթյալներին Բելառուս չի հրավիրել, այնուհանդերձ չհերքեց, որ ճգնաժամի ծագման պատճառներից մեկը Մինսկի դեմ ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցներն էին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ պատժամիջոցները Մինսկի դեմ ուժի մեջ կմտնեն նոյեմբերի վերջին«Ինչո՞ւ ես պետք է նրանց կանգնեցնեմ սահմանին, եթե նրանք Մեծ Բրիտանիա կամ Գերմանիա են ուղևորվում։ Կներեք, ես ինչո՞ւ պետք է այսօր այստեղ փախստականների ճամբար ստեղծեմ։ Այդ իսկ պատճառով ասացի՝ ես [միգրանտների] շարժը սահմանին չեմ զսպելու, հետագայում էլ դա չեմ անելու, եթե շարունակեն Բելառուսի տարածքով անցնել, որովհետև նրանք ինձ մոտ չեն գալիս, նրանք ձեզ մոտ են գալիս», - հայտարարում էր Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարը նաև կտրականապես հերքում է արևմտյան լրատվամիջոցներում տեղ գտած բազմաթիվ տեսագրություններն ու սահմաններին գտնվող ներգաղթյալների պնդումները, որոնց համաձայն հենց բելառուս սահմանապահներն են, որ դրդում են նրանց ուժով անցնել Լեհաստան։
«Ձեզ մոտ միշտ ոմանք են և ինչ-որ մեկը։ Մեկն ասել է, որ [բելառուս սահմանապահները] կտրել են փշալարը։ Ասացեք ինձ՝ որտե՞ղ են կտրել, ո՞վ է կտրել և նշեք այդ զինվորի անունը», - հայտարարում էր Բելառուսի նախագահը՝ բախվելով, սակայն, BBC-ի թղթակցի հակադարձմանը։
«Չեմ կարծում, որ այն ներգաղթյալը, որ ինձ պատմել է այդ մասին, զինվորից հարցրել է՝ «կներեք, չե՞ք ասի ձեր անունը», - նշում էր Ռոզենբերգը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճգնաժամը լեհ-բելառուսական սահմանին շարունակվում էԲավական նյարդային մթնոլորտում անցած հարցազրույցի մի զգալի մասը նվիրված էր Բելառուսում 2020 թվականի օգոստոսին կայացած նախագահական ընտրություններին, որոնց արդյունքները արևմտյան պետությունները այդպես էլ չճանաչեցին։ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, այսօր էլ վստահ է՝ պաշտոնական տվյալները իրականությանը չէին հակասում և իր օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած երկրի քաղաքացիների 80 տոկոսը։
«Այդ դեպքում», - հարցնում էր BBC-ի թղթակիցը, - «արդյոք անհամապատասխանություն չկա՞ պաշտոնական տվյալների և դրանց դեմ բողոքող հարյուր հազարավոր ցուցարարների միջև»։
«Այդ անհամապատասխանությունը ձեր գլխում է, ձեր և ձեր ղեկավարների։ 80 տոկոս թիվը ես չեմ հրապարակել, այլ օրինականորեն գործող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Դա փաստ է, օրինական փաստ», - հայտարարում էր Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարը նաև հերքում էր միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցներում տեղ գտած այն փաստերը, որոնց համաձայն այս պահին բելառուսական բանտերում 800-ից ավելի քաղբանտարկյալ կա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի զեկուցող. «Բելառուսում կիրառում են ամբողջատիրական երկրի մարտավարություն»«Մենք չունենք քաղաքական հոդված, որով դատում ենք կամ դատել ենք մարդկանց։ Այդ մարդիկ պարզապես խախտել են բելառուսական օրենսդրությունը», - հայտարարում էր Ալեքսանդր Լուկաշենկոն։
BBC-ին տված հարցազրույցում Լուկաշենկոն չշրջանցեց նաև Ռուսաստանի հետ ծավալված ինտեգրացիոն գործընթացների թեման՝ հերքելով մամուլում պարբերաբար հայտնվող այն տեղեկությունները, որոնց համաձայն Բելառուսի և Ռուսաստանի միավորումը ի վերջո հանգեցնելու է միասնական կառավարման մարմինների՝ ընդհուպ մինչև Միութենական պետության նախագահի պաշտոնի ստեղծմանը։
«Միությունը երկու ինքնիշխան, անկախ պետություններից է կազմված։ 90-ականների կեսերից, դեռ Ելցինի ժամանակ, երբ ստեղծում էինք մեր միությունը՝ հստակորեն պայմանավորվեցինք, որ լինելու է երկու պետություն՝ Բելառուսը և Ռուսաստանը։ Մի նախագահ կլինի, թե երկուսը՝ Պուտինի հետ մենք այդ հարցը երբեք չենք քննարկել, երդվում եմ։ Չենք քննարկել, որովհետև նման հարց օրակարգում գոյություն չունի», - հայտարարում էր Բելառուսի ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը և Լուկաշենկոն ստորագրեցին Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետը