«Եթե մենք միասին «ոչ» չասենք ազգակործան ծրագրին, այս վատը շարունակվելու է». բողոքի ակցիա՝ Երևանում

Մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ արդեն երկրորդ օրն է՝ Երևանում բողոքի ակցիաներ են իրականցնում՝ վարչապետ Փաշինյանից պահանջելով բացահայտել, թե ի՞նչ նոր փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Ադրբեջանի հետ:

Ցույցերի ակտիվ մասնակիցներից են Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

Ցուցարարներն այսօր քայլերթով շրջեցին Երևանի բուհերով՝ ուսանողներին հորդորելով միանալ իրենց. - «Հենց ձեզանից է կախված, թե ինչպիսին կլինի մեր պետությունը: Նստելով լսարաններում և դժգոհելով այսօրվա վիճակից՝ ոչինչ չեք փոխի, վեր կացեք և մասնակցեք ազատագրական շարժմանը»:

Անցած շաբաթ Հայաստանի արևելյան սահմաններին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ Ռուսաստանը նոր առաջարկներ է ներկայացրել, որոնք հայկական կողմի համար ընդունելի են։

Բողոքի ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ նոր ստորագրվելիք փաստաթուղթը կարող է վնասել Հայաստանին, վստահեցնում են՝ իրենց շարժումը ապաքաղաքական է և վերկուսակցական։ Ասում են՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականը չեն պահանջում, քանի որ դա երկրորդական հարց է։

«Մենք ուզում ենք, որ դուք անհոգ ապրեք, հավատացեք, բայց այսօր անհոգ ապրելու շանս չունենք՝ էլ համաճարակ, էլ պատերազմ, կրկին պատերազմի վտանգ, ժողովուրդ ջան, չե՞ք զգում, որ մեր կյանքը փոխվել է դեպի վատը: Հիմա եթե մենք միասին «ոչ» չասենք այս ազգակործան ծրագրին, այդ վատը շարունակվելու է: Սա է պատճառը, որ մենք հիմա եկել ենք այստեղ և խնդրում են, որպեսզի դուք ձեր չափահաս ընկերների հետ միանաք այս շարժմանը», - հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ցուցարարներն այսօրվա ակցիաներն ամփոփեցին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքով. այստեղ արդեն նրանք ընդգծեցին՝ փաստաթղթի հանրայնացումն իրենց պայքարի սկիզբն է միայն։