Դպրոցականների ձմեռային արձակուրդները՝ դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 9-ը

Երևանի դպրոցներից մեկում, նոյեմբեր, 2021թ․

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի հրամանով՝ 2021-2022 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 3-12-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 27-ից և կշարունակվեն մինչև 2022 թվականի հունվարի 9-ը՝ ներառյալ:

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը տրվում է դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 23-ը՝ ներառյալ:

Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում:

Հաշվի առնելով, որ աշնանային արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգվել էր, ուսպլանում կատարված փոփոխությամբ ուսումնական տարին կավարտվի 2022-ի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Այսպիսով՝ ուստարվա ընթացքում կապահովվի առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար, ասված է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունում։