Մի քանի քաղաքական ուժեր այսօր Երևանում բողոքի ակցիաներ իրականացրին` պահանջելով վարչապետ Փաշինյանից բացահայտել, թե առաջիկայում ի՞նչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Ադրբեջանի հետ։
Հայ-ադրբեջանական սահմանին նախորդ շաբաթ տեղի ունեցած բախումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հիշեցրեց՝ ինքը դեռ մայիսին է հայտարարել՝ պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին փաստաթուղթը։ Իսկ նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմաններին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո նշեց՝ Ռուսաստանը նոր առաջարկներ է ներկայացրել. - «Այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի նախապատրաստական փուլի առաջարկները Հայաստանի համար ընդունելի ենԲողոքի ակցիաները սկսվեցին վաղ առավոտյան՝ փողոցներ էին փակել, որոշները բերման ենթարկվեցին: Ցույցերի ակտիվ մասնակիցներն են Կարին Տոնոյանի գլխավորած «5165» շարժումը, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, նախկին իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և այլոք։ Ցույցերի մասնակիցները կարծում են, որ սահմանագծման և սահմանազատման մասին փաստաթուղթը կարող է վնասել Հայաստանի շահերը, նրանք մտավախություն ունեն, որ այդպիսի փաստաթուղթ ստորագրելով Հայաստանը հնարավոր է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախն Ադրբեջանի կազմում:
«Կա՞ աշխարհում մի ուրիշ նման երկիր, որ ժողովրդավարական երկրում միայն մեկն է որոշում ամբողջ ժողովրդի ճակատագիրը: Մեր Սահմանադրության մեջ տրված է իրավունք իրազեկվելու, թե ինչ են որոշում անել մեր երկրի հետ, ձեզանից ընդամենը դա է պահանջվում, դուրս եկեք փողոց, կանգնեք ու պահանջեք ձեր իրավունքը՝ իրազեկված լինել, ուրիշ ոչինչ այս պահին չենք ուզում», - հայտարարեց կարին Տոնոյանը:
Ցուցարարները կառավարությանը իրենց պահանջի վերաբերյալ դիմում փոխանցեցին, ապա շարժվեցին նախագահական նստավայր ու Ազգային ժողով:
«Եկել ենք այստեղ՝ խնդրելու, դիմելու, հորդորելու Հանրապետության նախագահին իր ունեցած լիազորությունների, իր հեղինակության, իր կարողությունների շրջանակներում գործադրել այդ ամենը՝ ազդելու կառավարության, Նիկոլ Փաշինյանի վրա, որպեսզի վերջինս բացահայտի իր սեղանին գտնվող փաստաթուղթը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացին», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Երեկոյան ցուցարարները Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացրեցին, ապա մայրաքաղաքի փողոցներով երթի դուրս եկան։ Իշխանություններից ցուցարարների պահանջին անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. - «Հավաքված մարդիկ պահանջում են, ինչ-որ երևակայական, փաստաթղթի բովանդակության հրապարակում` ընթացքում խուճապ և անկայունություն տարածելով։ Սա հավասար է նրան, որ պահանջեն հրապարակել ամռան կեսին ենթադրվող գալիք ձյան չափը»:
Գործադիրից արձագանք ցուցարարներին այսօր չեղավ, այդուհանդերձ Փաշինյանը խոստացել է վաղը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել լրատվամիջոցների հարցերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր մանրամասներ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման վերաբերյալ