Լրագրող Սուրեն Արեենցը պատմում է 0-ից կառուցվող վերականգնողական քաղաքի մասին, որտեղ պատերազմի հետևանքով հոգեկան առողջության խնդիրներ ձեռք բերած զինվորներն են բուժում ստանալու։ Գումարը հավաքվել է Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև սփյուռքի աջակցությամբ։
«Պատերազմի օրերին այն ընկերները, ովքեր մեզ օգնություն էին ցույց տալիս, ինձ տեղեկացրին, որ ցանկություն ունեն հող գնելու, որպեսզի մենք կարողանանք մինի քաղաքը կառուցենք: Ձմեռը եկանք էս տարածք, որտեղ որ դեռ ձյուն էր, ոչինչ չկար, ծանոթացանք տարածքի հետ, որից հետո ընդամենը 250 հազար դրամով մենք որոշեցինք սկսենք այս գործը: Ինչպե՞ս, չգիտեինք, բայց տեսնում եք, որ այսօր արդեն այգու 40 տոկոսը պատրաստ է, շենքը 130 քմ ամսվա վերջ կհանձնենք», - պատմեց Արեենցը՝ նշելով, - «որոշեցինք, որ պետք է ունենանք առանձին հոգեբանների սենյակ, որտեղ որ տղաները պետք է առանձին զրույցներ ունենան, ունենանք մեծ սենյակը, որտեղ հոգեբանները կգան, կվերապատրաստվեն, սեմինարներ կանցնեն: Հետո որոշեցինք, որ հոգեկան առողջությունը պետք է ունենա ջրվեժ, որովհետև բուժական այն պրոցեսը, որ մենք իրականացնում ենք, դա ուղիղ կապ ունի բնության հետ, ջրի, տերևների, բույսերի»:
70 տոկոսից ավելի ներդրումը արվել է հենց եռաչափ վախերի սենյակի համար, որը առաջինն է լինելու Հայաստանում։ Սարքերը արտերկրից են պատվիրել, խնդիրը, որպեսզի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով պատերազմի մասնակիցները հաղթահարեն իրենց վախերը։
«Զինվորները գալու են և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով զինվորների հետ գիտական աշխատանք է տարվելու, ճշգրիտ սարքավորումների միջոցով իմպուլսները ստուգվելու է զրույցների ընթացքում, թե իրենք ինչից վախեր ունեն, ինչ տեսարանների հետ է կապված և այդ ամեն ինչից հետո մոդելավորվելու է տարածքը, այն տեսարանը, որից ունի այդ վախը, դրանից հետո անցնելու է վախերի սենյակ և եռաչափ այն պատկերները, որտեղ, որ եղել է, անընդհատ ընկնելով այդ միջավայրի մեջ փորձելու է ձերբազատվել այս խնդրից», - ներկայացրեց լրագրողը:
Վերականգնողական այս քաղաքում գործելու է նաև հացատուն: Այստեղ էլ զինվորներն իրենց ձեռքով կկարողանան ուտելիք պատրաստել։ Մեկ ամսից կենտրոնում ծրագրում են 200-300 զինվորի ընդունել։ Նախաձեռնության հեղինակը նպատակ ունի եռահարկ կենտրոն կառուցել, սակայն դեռ բավարար միջոցներ չունեն:
«Մեր նպատակն է, որպեսզի հոգեբանական բուժմանը վերաբերվենք այնպես, ինչպես վիրահատական սենյակում բոլորն աշխատելիս՝ ամեն մեկն իր մասնագիտությամբ», - ասաց Արեենցը:
Մասնագետների գնահատմամբ՝ հոգեբանական տարբեր խանգարումներ կարող են ձեռք բերել պատերազմական տրավմաներով անցած մարդկանց 40-60 տոկոսը: Սակայն թե, օրինակ, 44-օրյա պատերազմի հետևանքով քանի զինվոր նման խնդիր ունի, հետազոտություն չկա։
Պատերազմի սկզբից ի վեր՝ երբ այս խնդիրն ակնհայտ դարձավ, Հայկական հոգեբուժական ասոցիացիան բուժում ստացող զինվորականների հետ անվճար խորհրդատվություններ սկսեց։ Այժմ էլ մոտ մեկ տասնյակ կազմակերպություններ պետական ծրագրով հոգեբանական աջակցություն են ցուցաբերում թե՛ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող զինվորներին, թե՛ նրանց ընտանիքներին և թե՛ անհետ կորածների հարազատներին։ Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն ասում է՝ բուժման կարիք ունեցողները շատ են, կլինի պետական ծրագիր, թե ոչ, մասնագետները շարունակելու են նրանց օգնել։
«Հիմա բոլորը ոգևորված են սփյուռքը, պետությունը, բայց 1-2 տարի հետո էդ բոլոր ոգևորությունները մարում են, և մենք մնում ենք մեն-մենակ մեր պացիենտների հետ, որոնց մի մասը վճարունակ չէ, բայց մենք շարունակելու ենք իրենց օգնել», - նշեց ասոցիացիայի նախագահը։
Սողոյանն ասում է՝ բացի այցելություններից, պատերազմից հետո տասնյակ հազարից ավելի մարդիկ թեժ գծի ծառայություններից են օգտվում։ Մասնագետն ընդգծում է՝ հոգեբանական խնդիրները հենց հիմա պետք է հաղթահարվեն, հետո՝ ուշ կլինի. «Ցանկացած մարդ, ով մասնակցում է մարտական գործողությունների, առավել ևս եթե ինքը շատ մեծ մարտական պատրաստվածություն չի անցել, անպայման իր մոտ խնդիրներ առաջանում են։ Հետո արդեն օրգանիզմը սկսում է իր ռեսուրսներով պայքարել: Փոքր դեպքերն անցնում են անհետևանք, որոշակի հետևանքներ են լինում, որոնք այդքան էլ նեղություն չեն տալիս, բայց ազդում են կյանքի որակի վրա, և եթե մարդիկ դիմեն այդ փոքր նեղություններն էլ չեն լինի, և ինչ-որ որոշակի տոկոսի մոտ լուրջ խնդիրներ են առաջանում: Այս խնդիրների ժամանակին չբուժվելու դեպքում, հոգեբանական հարթությունից անցնում են հոգեբուժական հարթություն»։
Հետպատերազմյան հոգեբանական խանգարումները մեղմացնելու ուղղությամբ է աշխատում նաև Բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը։ Նա ևս աշխատում է թե՛ զինվորների, թե՛ նրանց ընտանիքի անդամների, թե՛ անհետ կորածների հարազատների հետ: Բժիշկը կոորդինացնում է նաև մարզերում աշխատող հոգեբանների աշխատանքը։ Շեշտը մարզերի վրա են դնում, քանի որ այնտեղ չկան հասանելի հոգեբանական ծառայություններ։
«Այն աշխատանքը, որ մենք իրականացնում ենք, դա չնչին մասն է այն ամենի, ինչ-որ դեռ սպասվում է: Պատճառն այն է, որ պատերազմը դեռ չի ավարտված։ Պատերազմը չի ավարտվել որդուն կորցրած մոր համար, պատերազմը չի ավարտվել այն մարդկանց համար, ովքեր դեռ ունեն անհետ կորած ընտանիքի անդամներ, պատերազմը մի քանի օր առաջ նույնպես փաստվեց, որ դեռ չի ավարտվել, քանի դեռ չկան անվտանգության երաշխիքներ», - ընդգծեց Գասպարյանը։
Հոգեբանի կարծիքով՝ հատկապես աղետալի պատերազմից հետո հասունացել է պահը, որ ստեղծվեն և՛ կենտրոնացած, և՛ մարզային կառույցներ, որոնց հիմնական առաքելությունը կլինի հոգեկան առողջության ամրապնդումն ու պահպանումը։