Լավրովը հարց է բարձրացրել Անկարայից Կիև ուղարկված «Բայրաքթարների» վերաբերյալ
Ռուսաստանի արտգործնախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում քննարկել է միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Հարավային Կովկասում:
Այլ մանրամասներ Ռուսաստանի արտգործնախարարությունը չի հայտնում։ Փոխարենը պաշտոնական հաղորդագրությունը կենտրոնանում է երկու արտգործնախարարների զրույցի մեկ այլ թեմայի՝ Ուկրաինային մատակարարված թուրքական անօդաչուների վրա։
Սերգել Լավրովը հորդորել է Մևլութ Չավուշօղլուին լրջորեն մոտենալ Մոսկվայի մտահոգություններին՝ Կիևի և Անկարայի միջև սկսված ռազմատեխնիակական համագործակցության շուրջ:
«Հորդորել ենք առավելագույնս լրջորեն մոտենալ մեր մտահոգություններին, որոնք վերաբերում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում թուրք-ուկրաինական հարաբերություններին»,- հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը, հավելելով. «Այդ համագործակցությունը նպաստում է Ուկրաինայի ռազմականացմանը»։
Ռուսական կողմն ընդգծել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակը սրելու՝ Կիևի քաղաքական կուրսը, որը հովանավորվում է արևմտյան դաշնակիցների կողմից, սպառնում է ապակայունացնել իրավիճակը։
Անցած ամիս ուկրաինական բանակը հայտարարեց, թե առաջին անգամ թուրքական հարվածային «Բայրաքթար» (Bayraktar) է կիրառել Դոնբասի ռուսամետ անջատականների դեմ։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե ստուգում են այս մասին տեղեկատվությունը, Կրեմլի խոսնակը զգուշացրել էր, որ «այդօրինակ զինատեսակների մատակարարումը Ուկրաինային է՛լ ավելի կսրի իրավիճակը հակամարտության գոտում»։
Թուրքիայի արտգործնախարարը, սակայն, շաբաթներ առաջ, պատասխանելով այս մասին ռուս լրագրողի հարցին, պնդել էր՝ Թուրքիան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթարների» օգտագործման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան և Ուկրաինան Բայրաքթար ԱԹՍ-ների սպասարկման կենտրոնի կառուցման հուշագիր են ստորագրել«Երբ որևէ երկիր որևէ պաշտպանական զենք է գնում մեզնից կամ որևէ այլ երկրից, այդ զենքը դադարում է լինել թուրքական, ռուսական կամ ուկրաինական։ Թեև այդ զենքը գնված է Թուրքիայից, սակայն այն այժմ պատկանում է Ուկրաինային», - շաբաթներ առաջ ասել էր Չավուշօղլուն, պնդելով, թե հակառակ տրամաբանությամբ Թուրքիան էլ կարող է հարցեր բարձրացնել Մոսկվայի առջև։
«Տարբեր երկրներում ահաբեկչության դեմ մեր պայքարում մենք բախվել ենք տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում արտադրված զինատեսակների, սակայն երբեք դրա համար Ռուսաստանին չենք մեղադրել։ Ուկրաինան էլ պետք է դադարի մեր երկրի անունն օգտագործելուց»,- ասել էր Թուրքիայի արտգործնախարարը։
Պաշտոնական Կիևը այս պահին իր զինանոցում ունի 12 միավոր Bayraktar, պատրաստվում է ձեռք բերել ևս 24-ը։ Թուրքիան և Ուկրաինան Bayraktar-ների սպասարկման կենտրոնի կառուցման հուշագիր են ստորագրել, ինչպես նաև մտադիր են այդ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսել։