Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի խախտումները գնալով ավելանում են՝ խոչընդոտելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու միջազգային հանրության ջանքերը, Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդում հայտարարել է Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին Հայաստանի ներկայացուցիչը նկատել է, որ «Ադրբեջանի նման ագրեսիվ քաղաքականության հանդեպ միջազգային հանրության կրավորական կեցվածքով է նաև պայմանավորված նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումը, որի արդյունքում կան զոհեր, անհետ կորածներ և գերեվարվածներ»։
«Դեսպանն ավելացրեց, որ ցավոք սրտի, ուժի կիրառման և դրա սպառնալիքի նման բացահայտ դրսևորումը դառնում է Ադրբեջանի վարած քաղաքականության հիմնական հատկանիշներից մեկը, և պետք է կասկած չթողնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ-ի և նրա մասնակից պետությունների մոտ, ով է հանդիսանում ագրեսորը և տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը», - ասված է ԱԳՆ տարածած հայտարարությունում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Պապիկյանը, վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ձևաչափի: Կարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի և տարածաշրջան այցերի վերականգնումը: