Մարտերն ընթացել են Քիլիսալի լեռան շրջակայքում. Ռուսաստանի ՊՆ

Իշխանասար

Չնայած պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի տարածք ու զբաղեցրել դիրքեր, սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները ընթացել են Քիլիսալի լեռան շրջակայքում։ Ռուսական կողմը երկու հաղորդագրություններում էլ չի կիրառել հայաստանյան այն լեռների անվանումները, որոնց շրջակայքում, ըստ հայկական կողմի, վերջին օրերին ընթանում էին մարտերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական միջնորդությամբ կրակը դադարեցվել է. ՊՆ

Խորհրդային Միության զինված ուժերի Գլխավոր շտաբի 1975թ. հրատարակության ռազմական քարտեզի համաձայն, ծովի մակարդակից 2794 մետր բարձրություն ունեցող Քիլիսալի լեռան գագաթը, լեռան հյուսիսային, արևելյան ու հարավային լանջերը գտնվում են Խորհրդային Ադրբեջանի տարածքում, իսկ արևմտյան լանջի մի մասը՝ Խորհրդային Հայաստանի տարածքում։

Արդյո՞ք Ռուսաստանի ռազմական գերատեսչության համոզմամբ, նախորդ օրերին հայ-ադրբեջանական մարտական գործողությունները ընթացել են գլխավորապես Ադրբեջանի տարածքում։ «Ազատությունը» հարցում է ուղարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարություն։ Պատասխան դեռ չունենք։

Գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն Շահինյանը, ով բաց աղբյուրների, արբանյակային նկարահանման միջոցով ստացված պատկերների, հայկական ու ադրբեջանական կողմերի տարածած տեսանյութերի հիման վրա նախորդ օրերին ուսումնասիրել է ռազմական գործողությունների տեղանքը, այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ մարտերը գլխավորապես ընթացել են Հայաստանի տարածքում՝ Ծիծեռնաքար և Մեծ Իշխանասար լեռների արանքում ընկած հատվածում. - «Փաստորեն Քիլիսալին Ծիծեռնաքարի և Մեծ Իշխանասարի մեջտեղում է։ Իսկ մարտական գործողությունները, ինչպես մենք ուսումնասիրեցինք առկա տեսանյութերը, որոնք կային համացանցում, գտնվում էին ավելի հարթ հատվածում։ Այսինքն՝ լեռների լանջերին չէին։ Դրանից ենթադրում ենք, որ մարտական գործողությունները ինչ-որ պահի տեղափոխվել են Քիլիսալիից և Ծիծեռնաքարից դեպի ավելի հարավ, հարավ-արևմունք։ Եվ գործողությունները հիմնականում տեղի են ունեցել բուն այս հատվածում։ Ինչ-որ փուլում նրանք կարող են ավելի խորը ներթափանցած լինել, ինչ-որ փուլում հետ նահանջած լինեն մեր բանակի գործողությունների արդյունքում։ Հիմնականում դա ձոր է, գտնվում է ծովի մակարդակից մոտ երկու հազար մետր բարձրության վրա»։

Էլեկտրոնային քարտեզագրությամբ զբաղվող «Էլմա» նախագծի հիմնադրի խոսքով, նախորդ ամիսների ընթացքում նշված հատվածում կառուցված հայկական և ադրբեջանական դիքերից մի քանիսը, համաձայն արբանյակային նկարահանումների, առնվազն մինչև վերջին ռազմական գործողությունները բավականին մոտ են եղել միմյանց, երբեմն մինչև հիսուն մետր հեռավորության վրա. - «Հիմնականում ադրբեջանական դիրքերը տեղակայված են եղել բարձունքներում... Մենք կարողացել ենք իդենտիֆիկացնել, որ մեր հայկական դիրքը ունեցել է առնվազն սահմանից մեկ կիլոմետր խորության վրա խրամատային կառույցներ»։

Շահինյանը ընդգծեց, որ բաց աղբյուրների հիման վրա հնարավոր չէ նույնականացնել, թե հայկական որ դիրքերն են կորսվել։

Վերադառնալով Քիլիսալի լեռան մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հիշատակմանը։ Արդյո՞ք սա կարող է նշանակել, որ Մոսկվայի կարծիքով մարտական գործողությունները Ադրբեջանի տարածքում են, ուստի Հայաստանին ռազմա-քաղաքական աջակցություն ցույց տալու կարիք ամենևին չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դժվարացավ պատասխանել այս հարցին, փոխարենն ասաց՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը շտապում է հնարավորինս բարենպաստ դիրքեր զբաղեցնել Հայաստանի հետ սահմանին. - «Ռուսաստանին հարկավոր է, որ սահմանը լինի հնարավորինս քիչ ռիսկային և հնարավորինս հանգիստ, և որ բոլորը քիչ թե շատ համաձայն լինեն այդ սահմանի հետ, և որ այն գծված լինի. և որ խնդիրներ չառաջանան։ Երբ ամեն անգամ երեք կով գողանան, Մոսկվա չզանգեն։ Ամեն անգամ երբ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին հրի, Պուտինին չարթնացնեն գիշերը, որովհետև Ռուսաստանի Դաշնությունն է զբաղվում այս ամնենով»։

Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքներ սկսելու նոր առաջարկություն է ներկայացրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով․ Փաշինյան