Պարզվել է նոյեմբերի 16-ի մարտերի մասնակից զինծառայողի ինքնությունը, ում դին երեկ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել , հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդագրության համաձայն՝ այդ սպան 31-ամյա ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան է տեղափոխվել երեկ զոհված հայ զինծառայողի մարմինՄարտերի արդյունքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են։
Երեկ հաղորդվել էր, որ հայկական կողմը կորցրել է կապը 24 զինծառայողների հետ, մինչ այս պահը անհետ կորածների մասին որևէ տեղեկություն պաշտոնական աղբյուրները չեն հայտնում։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ երեկ ուշ երեկոյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով, պատասխան գործողություններով կրակը լռեցվել է։
Այսօր ժամը 10-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի արևելյան սահմանագոտում նոյեմբերի 16-ին ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։