Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունն են հեռախոսով քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ նախարար Զաքիր Հասանովը թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարին տեղեկացրել է «հայկական կողմի սադրանքների և պետական սահմանի իրավիճակի մասին՝ ընդգծելով, որ հակառակորդի գործողությունները վճռականորեն կասեցվում են»։
«Իր հերթին պարոն Հ. Աքարը նշել է, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ:
Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Ժամը 18։30-ից կրակը դադարեցվել է` ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: