Իրանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին հարգել միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու զսպվածություն ցուցաբերել՝ առկա տարաձայնությունները երկխոսությամբ ու խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։
«Ստեղծված իրավիճակը վտանգավոր է տարածաշրջանում վերջնական խաղաղության ու բարգավաճման հասնելու համար», - հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, հավելելով՝ Իրանը, «ինչպես և անցյալում, պատրաստ է աջակցել երկու կողմին՝ հակասությունները հարթելու, և տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու հարցում»։
Ավելի վաղ այս թեմայով հեռախոսազրույց էին ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահները։ Պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, թե Պուտինն ու Ռաիսին ընդգծել են «տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռաիսի. «Սահմանների ցանկացած փոփոխություն անթույլատրելի է»Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ:
Երկու կողմն էլ հայտարարել է կորուստների մասին, ՀՀ ՊՆ զոհերի թիվն առայժմ չի հստակեցնում, նշվում է 4 վիրավորի մասին։ Այսօրվա մարտերի ընթացքում գերեվարվել է 12 հայ զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետայիններ։ Հայկական կողմը երկու մարտական դիրք է կորցրել։