Մոսկվան շփումների մեջ է Երևանի ու Բաքվի հետ՝ սահմանային իրավիճակը խաղաղ հուն վերադարձնելու համար. Զախարովա

Ռուսաստանը շփումների մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ սահմանային իրավիճակը հնարավորինս արագ խաղաղ հուն վերադարձնելու համար, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ արտգործնախարարության խոսնակը։ Այլ մանրամասներ Մարիա Զախարովան չի ներկայացրել։

Ժամեր առաջ Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել էր, թե Երևանը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը՝ 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Ավելի ուշ վարչապետ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում հորդորել էր միջազգային դաշնակիցներին հստակ գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին և «դատապարտել ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք»։

«Սահմանային վեճերի մասին խոսակցությունները անհեթեթ են և անիմաստ, չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա», - հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ:

Երկու կողմն էլ հայտարարել է կորուստների մասին, ՀՀ ՊՆ զոհերի թիվն առայժմ չի հստակեցնում, նշվում է 4 վիրավորի մասին։ Այսօրվա մարտերի ընթացքում գերեվարվել է 12 հայ զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետայիններ։ Հայկական կողմը երկու մարտական դիրք է կորցրել։