Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք նպաստում են իրավիճակի սրացմանը, հայտարարում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։
«Գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ՊՆ Սուրեն Պապիկյանի և Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։ Պաշտպանական կառույցների ղեկավարները քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ Քիլիսալի լեռան շրջակայքում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հորդորել է երկու կողմին դադարեցնել գործողությունները, որոնք տանում են իրավիճակի թեժացման»,-ասվում է ռուսական կողմի տարածած հայտարարության մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զոհեր, գերիներ, դիրքային կորուստներ. ՊՆ-ի փոխանցմամբ՝ իրավիճակը արևելյան ուղղությամբ շարունակում է ծայրահեղ լարված մնալԱյսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Հայկական կողմը հաղորդում է երկու մարտական դիրքի կորստի, 4 վիրավորի և 12 գերեվարվածների մասին:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ՝ հայտարարելով, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։ Ադրբեջանական կողմից կա երկու վիրավոր։