Հայաստանի Զինված ուժերի 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են, հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ 17-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
«Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ», - ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել է երկու մարտական դիրքի կորստյան և 4 վիրավորի մասին: Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմը հայտնում է երկու մարտական դիրքի կորստի մասին, կան զոհեր և վիրավորներԱյսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ՝ հայտարարելով, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։ Ադրբեջանական կողմից կա երկու վիրավոր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, թե հայ զինվորներ են զինաթափվել և գերեվարվել