Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
«Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից», - վստահեցնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հաղորդում է, թե ոչնչացվել են հայկական կողմի հակատանկային միջոցներ և նռնականետեր։ Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը ևս հայտնում է, որ իրավիճակը սահմանին լարված է մնում, մարտական գործողությունները շարունակվում են։
Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 14-ի դրությամբ իրադրությունը լարված էր մնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրադրությունը սահմանի արևելյան ուղղությամբ լարված է մնում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմն այսօր գնդակոծել է հայկական դիրքերը՝ արևելյան սահմանագոտու ուղղությամբ․ ՀՀ ՊՆՊաշտոնական Բաքուն էլ պնդել էր, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։
Հայկական կողմն այդ հաղորդմանը դեռ չի արձագանքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, թե հայ զինվորներ են զինաթափվել և գերեվարվել