Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ մասնակցելու է Եվրամիության «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Բայրամովը հանդիպումներ կունենա նաև ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և այլ կառույցների պաշտոնյաների հետ, հայտնում են ԱԳՆ-ից:
«Արևելյան գործընկերությունը» Եվրոպական միության նախագիծ է, որի նպատակն է ԵՄ պետությունների քաղաքական և տնտեսական կապերի ընդարձակումը նախկին ԽՍՀՄ վեց երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ:
Հայկական կողմի մասնակցության վերաբերյալ դեռևս պաշտոնական հաղորդագրություն չկա:
Արևելյան գործընկերության հիմնադիր գագաթնաժողովը տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում:
Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ-ի հետ կնքել են ասոցացման պայմանագրեր, և այդ երեք երկրների քաղաքացիները ստացել են առանց վիզաների Միություն այցելելու հնարավորություն: Բելառուսի հետ վիզային ռեժիմն ավելի դյուրին է դարձել:
Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: