Պուշկինի փողոցի բնակիչն ասում է՝ եթե անգամ կառավարությունը դատարանում պարտվի Մայրապետյանի ընկերությանը, ինքը չի հանձնվի

78-այմա Ալֆրեդ Կզարթմյանը 10 տարուց ավելի դատարաններում պայքարում է, որ կառուցապատողը չքանդի Երևանի կենտրոնում գտնվող իր տունը, կամ չստիպի վաճառել շուկայականից ցածր գնով։

Միայն անցած տարի հասցրեցին շունչ քաշել: Պուշկինի 4 հասցեում գտնվող իր տունն ու հարևան մի քանի շինություններ կառավարությունը ներառեց պատմամշակութային նորահայտ հուշարձանների ցանկում։ Բայց այդ որոշումը կարող է չեղարկվել. դատարան հայց է ներկայացրել գործարար, կաշառք օժանդակելու գործով հետախուզման մեջ գտնվող Մայրապետյանին պատկանող ընկերությունը։

Տարեց բնակիչն ասում է՝ եթե անգամ կառավարությունը դատարանում պարտվի Մայրապետյանի ընկերությանը՝ ինքը միևնույնն է չի հանձնվի։ «Մարդ էլ 10 տարի նույն թեմայով խոսի ու խոսի», - ասում է ԱԱԾ նախկին փոխգնդապետը:

«Ազատության» հարցին՝ հոգնե՞լ է, Կզմարթյանը պատասխանեց. «Ոչ թե հոգնել եմ, այլ ստեղս ա հասել: Կառավարության էս որոշումը վերջին տարիների միակ փաստաթուղթն էր, որը իմ, իմ ընտանիքի և մնացած մարդկանց հոգին մի քիչ հանգստացել է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի Պուշկինի փողոցի որոշ հասցեներ, այդ թվում «Դոլմամա»-ի շենքը, հանվեցին բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից

Կառավարությունը գերակա շահի ցանկից հանել ու նորահայտ հուշարձանների ցանկում է ներառել նաև քիչ հեռու գտնվող «Դոլմամա» հայտնի ռեստորանը, որի սեփականատեր Ժիրայր Ավանյանն էլ է դատարաններում տարիների պայքարի մեջ։ Մեր նկարահանման պահին նա երկրում չէր։

Նույն տարածքում է նաև Կիլիկյանների տունը, որտեղ 1800-ականներին բնակվել է նաև ռազմական և պետական գործիչ Թաիրովի ընտանիքը։ 100 տարի առաջ այդ տունը գնած Կիլիկյաններից այսօր միայն տարեց տանտիրուհին է այդ տանն ապրում՝ վատառողջ էր։

Այս ցանկից մի քանի շինությունների սեփականատերերի շահերի պաշտպան Ալինա Ավետիսյանն ասում է՝ եթե անգամ Մայրապետյանին պատկանող ընկերությունը դատարանում հաղթի կառավարությանը՝ կառուցապատում սկսել չի կարող, որովհետև արդեն 3 անգամ թույլատրելի ժամկետն անցել է:

«Երևանի սիրտը տալիս են կառուցապատման մի ընկերության, որը երկու անգամ ծրագիրը պռավալ է տվել, այսինքն որոշվել է, որ գերակա հանրային շահ է, սակայն ձեռք բերողը չի կատարել համապատասխան գործողությունները՝ գումարները, գույքի ձեռք բերելը, պայմանագրեր ուղարկելը դարձել է օրենքի ուժով անվավեր: Առանց մրցույթ հայտարարելու, առանց համապատասխան միջոցներ ձեռնարկելու, ուղղակի մի հատ դիմումի համաձայն, որ ես նախկինում այդ տարածքներում գույք եմ ձեռք բերել, ուղղակի Երևանի սիրտը նվեր են տվել պարոն Մայրապետյանին», - ասաց պաշտպանը:

Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության շահերը դատարանում փաստաբան Վարդան Հակոբյանն է ներկայացնելու, նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Կառավարությունից էլ խորհուրդ տվեցին Քաղաքաշինության կոմիտե դիմել։ Կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Կարո Այվազյանն ասաց՝ իրավաբանները կասեն, թե կառավարությունն իր որոշումը պաշտպանելու ինչ շանսեր ունի, բայց այս պահին նշված տարածքները գտնվում են Մշակույթի նախարարության հոգածության ներքո:

«Նրանք Մշակույթի նախարարության կողմից համարվել են նորահայտ հուշարձան, պարզ է՝ իրենք եղել են, բայց գնահատվել են որպես հուշարձան, արժեքավորվել են և նորահայտ է: Հիմա հուշարձանի կարգավիճակ ունեցող հուշարձանի նման է պահպանվում», - նշեց Այվազյանը:

Տարիներ շարունակ Մայրապետյանին պատկանող ընկերության ներկայացուցիչներն «Ազատության» հետ զրույցներում նշել են, որ պետական ծրագիրը կատարվում է կառավարության հանձնարարականով, որ շատ սեփականատերեր էլ գոհ են գործընթացից։ Հյուսիսային պողոտային կից՝ Տերյան փողոցում, կանգուն մնացած ու Հին Երևանի մասին հիշեցնող վերջին երկու շենքերը դեռ մնում են որպես հանրային գերակա շահ։

10 տարուց ավելի Մայրապետյանի ընկերության հետ պայքարի դուրս եկած բնակիչների պատշգամբներից կախված աջակցություն խնդրող՝ «SOS քանդում են» գրությամբ պաստառներն արդեն խունացել են։ Այս շենքերի բնակիչների մի մասն ընդունել է Մայրապետյանի ընկերության առաջարկն ու Հյուսիսային պողոտայից քիչ հեռու՝ նորակառույց շենքում բնակարաններ ստացել, մյուսները դեռ պայքարում են, ոմանք էլ արդեն դատարանից թուղթ են ստացել, որ պետք է ազատեն բնակարանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հանրային գերակա շահի» հերթական պոտենցիալ զոհերը հրաժարվում են լքել իրենց տարածքները

Ալֆրեդ Կզարթմյանն ասում է՝ քանի դեռ իր տունը կառավարության ճանաչած պատմամշակութային հուշարձանների ցանկում առաջինն է՝ կպայքարի, կամ այն կզիջի, եթե իր 200 քառակուսի մետր մակերեսով տան համար 200 հազար դոլարի փոխարեն շուկայական արժեքով վճարեն։

«Քաղաքի կենտրոնում 1 քառակուսի մետր հողը տեղեր կա ասում են 4000-5000 ա», - ասաց Կզարթմյանը:

«Ազատության» հարցին՝ ի՞նչ պայմանով կլքի իր տունը, նա պատասխանեց. «Ինչպես գերակա շահը օրենքով ընդունված է՝ իրական շուկայական արժեք, պլյուս 15 տոկոս»:

Տարեց բնակիչը տան նկուղն է ցույց տալիս, ասում է՝ իսկական թանգարան է, հազարամյակների պատմություն ունի. «Պապս՝ Վանի ապստամբության մասնակից, հերս եղել ա էդ ժամանակ երկու տարեկան, 15 թվականին Անդրանիկի ջոկատի հետ միասին եկել են Հայաստան, փրկվել են: Այս գերդաստանում 100 տարուց ավելի ապրել են պապս, հերս, ես, իմ երեխաները ու թոռներս, այս տանը»:

Դատարանն այս գործն ընդունել է վարույթ, դեռ հայտնի չէ առհասարակ նիստ կլինի՞, թե՞ չէ։ Այսպիսի դեպքերում չի բացառվում, որ դատարանը բանավոր նիստ կհրավիրի։