Միջադեպ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին. ճանապարհը փակվել, ապա բացվել է 

Այսօր առավոտյան փակվել, ապա բացվել է Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը: Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը՝ հայտնելով, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև միջադեպ է տեղի ունեցել՝ չմանրամասնելով կատարվածը:

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունն էլ հաղորդում է, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է»։

Ըստ Արցախի ԱԱԾ հաղորդագրության, դեպքի հետևանքով Արցախի քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։

Արցախի իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ, ասված է հաղորդագրությունում: