Բելառուսի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, թե Մինսկը կարող է ապահովել սեփական անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության օգնությամբ։
«Բելառուսի զինված ուժերը պատրաստ են կոշտ հարված տալ ցանկացած հարձակման։ Վտանգներին ու մարտահրավերներին արձագանքելու համար ստեղծված մեր համակարգը հնարավորություն է տալիս ապահովել երկրի անվտանգությունը, այդ թվում մեր գլխավոր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ», - հայտարարել է Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը։
Նախարարությունը նաև պնդել է, թե Մինսկը պատրաստ է պաշտպանել «Ռուսաստանի հետ Միութենական պետության սահմանները և ամենասեղմ ժամկետում սկսել զորքերի խմբավորում ցանկացած ուղղությամբ»։
Հայտարարությունը հնչել է Բելառուսի և Եվրամիության սահմանին օրեր շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Արևմտյան երկրները երեկ ՄԱԿ-ում խստորեն դատապարտել էին Բելառուսի իշխող վաչակազմին՝ ներգաղթյալներին դեպի Եվրամիության սահման ուղղորդելու համար։ ԵՄ առաջնորդները չէին բացառել, որ կարող են խստացնել պատժամիջոցները Ալեքսանդր Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմի նկատմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ երկրները դատապարտում են Բելառուսի պահվածքը