Գերմանիան հաստատակամ է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների հարցում

Բելառուս - Փախստականների ստեղծած ճամբարը Լեհաստանի հետ սահմանին, 11-ը նոյեմբերի, 2021թ․

Եվրամիության առաջատար պետությունը՝ Գերմանիան, հաստատակամ է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Այս մասին նախօրեին Բունդեսթագի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնակատար Հեյկո Մաասը՝ նշելով, որ Եվրոպան պատրաստվում է արմատապես փոխել Մինսկի նկատմամբ որդեգրած քաղաքականությունը։

«Նախկինում մենք ասում էինք, որ Բելառուսի դեմ չափից շատ պատժամիջոցների կիրառումը կարող է մեծացնել այդ երկրի կախվածությունը Ռուսաստանից։ Այսօր, սակայն, մենք հասել ենք մի կետի, երբ հետևանքները շատ հստակորեն են ուրվագծվում, ուստի հարկավոր է պատժամիջոցների ենթարկել նաև Բելառուսի տնտեսության կարևորագույն ճյուղերը՝ այդ թվում կալիումային պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները։ Այս հարցում ԵՄ մեծամասնությունը միակարծիք է», - հայտարարում էր Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-Բելառուս սահմաններին միգրացիոն ճգնաժամից կարող են տուժել նաև Ռուսաստանն ու Թուրքիան

Պատժամիջոցների խստացման պատճառը Բելառուսի և ԵՄ սահմանների երկայնքով ծագած միգրացիոն ճգնաժամն է։Եվրոպացի պաշտոնյաները պնդում են, որ Բելառուսի իշխանությունները հարևանների՝ նախևառաջ Լիտվայի և Լեհաստանի դեմ հիբրիդային պատերազմ են հրահրել՝ Մերձավոր Արևելքից ներգաղթյալների տեղափոխելով իրենց երկիր և դրդելով նրանց հատել ԵՄ սահմանը։

Ըստ Գերմանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատարի, Լուկաշենկոյի վարչակազմի այս գործողություններին նպաստում են նաև երրորդ՝ տարանցիկ երկրները, որոնց նկատմամբ ևս եվրոպական քաղաքականությունը փոփոխություններ կկրի։

«Մարդկանց թրաֆիքինգում ներգրավված որևէ մեկը չի կարող անպատիժ մնալ։ Սա ուղերձ է նաև տարանցիկ պետություներին և այն ավիաընկերություններին, որոնք զբաղված են ներգաղթյալներին Բելառուս տեղափոխելով», - հայտարարում էր Հեյկո Մաասը։

Այն նույն ժամերին, երբ Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնակատարը հանդես էր գալիս այս ելույթով, լրագրողների ձեռքում հայտնվեց Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմված փակ զեկույցի տեքստը՝ նվիրված Բելառուսի սահմանների մոտ ծագած միգրացիոն ճգնաժամին։ Դրանից պարզ դարձավ, որ արդեն մի քանի ամիս է ինչ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունը բանակցում է այն պետությունների հետ, որտեղից դեպի Բելառուս իրականացվող չվերթների քանակը ճգնաժամին զուգահեռ աճել է։ Նման պետությունների թվում հիշատակվում է նաև Վրաստանը, որի իշխանությունները, ըստ զեկույցի հեղինակների, ընդունել են եվրոպացիների մտահոգությունն առ այն, որ պաշտոնական Մինսկը ներգաղթյալներին որպես գործիք է օգտագործում ընդդեմ Եվրամիության։ «Հարավկովկասյան մեկ այլ պետություն՝ Ադրբեջանը, այժմ մոնիթորինգի փուլում է», - նշված է Եվրահանձնաժողովի զեկույցում։