Անաշկին․ «Ղարաբաղի բնակչությունը կողմ է ռուսաստանցի խաղաղապահների ներկայությանը»

«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կողմ է ռուսաստանցի խաղաղապահների ներկայությանը տարածաշրջանում», - TACC գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ստեփանակերտում նման հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։

«Բոլորն էլ հասկանում են, որ Ռուսաստանի ներկայությունը թույլ կտա պահպանել խաղաղությունը և ապահովել անվտանգ կյանքը տարածաշրջանում», - հայտարարել է խաղաղապահների հրամանատարը։

Անաշկինի խոսքով՝ նաև խաղաղապահները վերջին մեկ տարում Լեռնային Ղարաբաղում մոտ 2600 հեկտար տարածք են ականազերծել։

«Խաղաղ կենսագործունեության վերականգնման առումով պակաս կարևոր խնդիր չեն կատարում մեր զորախմբի ինժեներական ստորաբաժանումների մասնագետները։ Սակրավորները ավելի քան 26 հազար պայթյունավտանգ իր են հայտնաբերել և վնասազերծել։ Շուրջ 2000 շինություն և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտ է ստուգվել, այդ թվում՝ գազատարներ, կապուղիներ, դեպի դպրոցներ, հիվանդանոցներ և կրոնական նշանակության շինություններ տանող ճանապարհներ», - հայտարարել է ռուսաստանցի խաղաղապահների հրամանատարն՝ ընդգծելով նաև, որ ականազերծված տարածքների թվում են գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։