Բախումներ Թբիլիսիում՝ Սաակաշվիլիի կողմնակիցների և ոստիկանության միջև

Վրաստան - Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, Թբիլիսի, 10-ը նոյեմբերի, 2021թ․

Այսօր կեսօրին Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների և ոստիկանության միջև։

Վրաց իրավապահները ցրել են պետական երկու գերատեսչությունների՝ Պետական անվտանգության ծառայության և Առողջապահության նախարարության շենքերի դիմաց կազմակերպված բողոքի ակցիաների մասնակիցներին։ Վերջին տվյալներով՝ առնվազն 20 ցուցարար բերման է ենթարկվել։

Թբիլիսիի պարեկային ոստիկանության ղեկավար Վաժա Սիրաձեի խոսքով` իրավապահները նման քայլի են դիմել, քանի որ «պետական գերատեսչությունների շենքերի արգելափակումն արգելված է օրենքով»։

Ընդդիմության աջակիցները Թբիլիսիի մի շարք հատվածներում միաժամանակյա ցույցերի են դուրս եկել ընդդիմադիր Ազգային միացյալ շարժման առաջնորդ Նիկա Մելիայի՝ երեկ երեկոյան հնչեցրած կոչից հետո։

Բողոքի ակցիաները կազմակերպվել են Միխեիլ Սաակաշվիլիի գործով դատավարության մեկնարկից հաշվված ժամեր առաջ։