Ադրբեջանը մի կողմից «բռունցքով» սպառնում է, մյուս կողմից` խաղաղության կոչ անում

Ադրբեջանի նախագահը տիկնոջ հետ Շուշիում, 7-ը նոյեմբերի, 2021թ․

Ղարաբաղյան պատերազմում հրադադարի առաջին տարելիցի առիթով այսօր Ադրբեջանը Հայաստանին ուղղված մի կողմից ռազմաշունչ հայտարարություններ, մյուս կողմից էլ խաղաղության կոչեր է հնչեցրել:

«Ադրբեջանցի զինվորները թշնամուն իր տեղը ցույց տվեցին և այնպիսի վիճակի մեջ գցեցին, որ այլևս դուրս չեն կարող գալ: Հայաստանն այսուհետ միշտ ապրելու է պարտված ազգի և պետության պիտակով: Օկուպացիայի շրջանում ամեն տարի մայիս ամսին թշնամին տոնում էր մեզ համար սուրբ Շուշիի բռնազավթումը: Այսուհետ Շուշիում օտար լեզվով ոչ մի երգ չի հնչելու, ու ոչ մի անհիմն հայտարարություն չի արվելու: Այս հողերում ադրբեջաներենն է իշխելու, ինչպես եղել է պատմության ընթացքում», - զինվորականների առջև այսօր ելույթ ունենալով Շուշիում՝ ասել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանը միշտ «առասպելներ է հյուսել անպարտելի հայկական բանակի» մասին, որին իրենք «44 օրում ջախջախեցին»: «Եվ որտե՞ղ է հիմա այդ անհաղթելի բանակը, մենք նրանց ջարդուփշուր ենք արել: Օգնություն էին խնդրում, ծնկի էին եկել և ընդունելով մեր պայմանները` նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրեցին կապիտուլյացիոն ակտը և սպիտակ դրոշ պարզեցին», - ասել է նա:

Հատկանշական է, որ այս հայտարարությունները հաջորդում են Ալիևի վերջին օրերի մյուս հավաստիացումներին, թե Բաքուն փակել է պատերազմի էջը և այժմ ցանկանում է խոսել միայն խաղաղության ու համագործակցության մասին։

«Եթե Հայաստանում որևէ ուժ ռևանշիստական միտումներ դրսևորի, կտեսնի մեր բռունցքը», - շեշտել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անցած երեք տասնամյակների ընթացքում Թեհրանը մշտապես դեմ է եղել Ադրբեջանի տարածքների օկուպացիային․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Անցած տարի Շուշիի գրավման մասին Ալիևը հայտարարեց հենց նոյեմբերի 8-ին, ու մինչև իշխող ընտանիքը այսօր այնտեղ նշում էր «հաղթանակի օրը», հազարավոր ադրբեջանցի քաղաքացիներ ու զինվորականներ դուրս էին եկել Բաքվի փողոցներ և ադրբեջանական ու թուրքական դրոշներով քայլերթով շարժվում էին դեպի «ռազմավարի պուրակ»:

Ալիևի սպառնալից հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը «հաղթանակի օրվա» առիթով տարածած հայտարարությունում շեշտել է, որ Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ՝ կարևոր համարելով եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։

«Ադրբեջանի երկարաժամկետ տեսլականի ռազմավարության հիմքում ընկած են կայուն խաղաղության ապահովումը, զարգացումը և առաջընթացը: Իր տարածքների օկուպացիայի գործոնի վերացումից հետո Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների խստիվ պահպանման վրա, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության», - հայտարարում է պաշտոնական Բաքուն։

«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանն ընդառաջ կգնա այս ուղղությամբ իր ձեռնարկած քայլերին»,- ասված է հայտարարություն մեջ։

Փաշինյանը հակադարձում է

Թեև Բաքուն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Երևանը չի արձագանքել խաղաղության պայմանագիր կնքելու իր առաջարկին՝ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետը, տարօրինակ որակելով Բաքվի այդօրինակ պնդումները, ասաց՝ Երևանն էլ է բազմիցս խոսել խաղաղության շուրջ քննարկումների պատրաստակամության մասին։ Հայաստանը այդ քննարկումները պատկերացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչն, ըստ էության, Ադրբեջանի սրտով չէ, քանի որ Բաքվի համոզմամբ, Ղարաբաղի հարցը փակված է:

«Խաղաղության առաջարկը Ադրբեջանի մենաշնորհը չէ, մենք ինքներս ենք խաղաղության առաջարկ արել, և մենք ասել ենք, որ այո, պատրաստ ենք այդ քննարկումներին և պատկերացնում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կատարվող աշխատանքի արդյունքներով, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներառմամբ»:

«Հայաստանը պետք է նայի դեպի ապագա՝ հրաժարվելով թշնամանքից», հորդորում են Թուրքիայից

«Հաղթանակի օրվա» կապակցությամբ այսօր Բաքվում, ապա Շուշիում էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որը անթաքույց մասնակցություն ուներ անցած տարվա ռազմական գործողությունների համակարգմանը: Թուրք պաշտոնյան էլ իր հերթին խոսել է տարածաշրջանային երկրների վեցի հարթակի մասին՝ Հայաստանին հորդորելով ընտրություն կատարել բազմակողմանի համագործակցության օգտին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «3+3» հարթակի ստեղծումը հակասում է Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ազգային շահերին․ վրացի քաղաքագետ

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները, հրաժարվելով ներկայիս քաղաքականությունից, կգնահատեն այդ պատմական հնարավորությունը, այդ թվում` վեցի հարթակի մասին մեր առաջարկը: Հայաստանը պետք է նայի դեպի ապագա՝ հրաժարվելով թշնամանքից», - հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Ի դեպ, «հաղթանակի օրվա» կապակցությամբ Ադրբեջանին այսօր շնորհավորել է եղբայրական Թուրքիայի նախագահը՝ Թվիթերում գրառումը ուղեկցելով Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների լուսանկարով։