Թուրքիան «կիսում է Ադրբեջանի ուրախությունն ու հպարտությունը»

Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ

«Ղարաբաղյան հաղթանակով ոչ միայն ազատագրվեցին օկուպացված տարածքները, այլ նաև ճանապարհ բացվեց դեպի տևական խաղաղություն, կայունություն և համագործակցություն», - հայտարարել է Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունը 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի օրվա կապակցությամբ։

Պաշտոնական Անկարան տարածած հայտարարությամբ շեշտում է, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացումը և այլ «արագընթաց իրականացվող նախագծերը Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում փոխում են տարածաշրջանի դեմքը և հանդիսանում են Ադրբեջանի ուժի ցուցիչ»։

«Մենք կիսում ենք Ադրբեջանի ուրախությունն ու հպարտությունը «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո, որը մեր հարաբերությունները հասցրեց միութենական մակարդակի», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում։

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները, բացի ռազմական աջակցությունից, Ֆրանսիայի, Ռուսաստանի իշխանությունների, միջազգային լրատվամիջոցների հավաստմամբ՝ նաև սիրիացի վարձկանների են ուղարկել Ադրբեջան՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Պատերազմից հետո էլ Թուրքիան Ռուսաստանի հետ համատեղ Աղդամում դիտորդական առաքելություն է իրականացնում: