Ղարիբաշվիլին ընդդիմության հետ կառուցողական համագործակցության պատրաստակամություն է հայտնում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Թբիլիսիում այսօր նախատեսված հանրահավաքին ընդառաջ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարում է ընդդիմության հետ կառուցողական համագործակցության պատրաստակամության մասին։

Վրաստանի ղեկավարն ընդդիմությանը կոչ է արել ընդունել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կրած պարտությունը և նեղ կուսակցական շահերը վեր չդասել պետական շահից։

«Մեզ համար գլխավորը պետք է լինեն պետության, ժողովրդի շահերը, այլ ոչ թե նեղ կուսակցական շահը։ Այդ իսկ պատճառով, եթե ընդդիմությունը ցանկանում է իրական երկխոսություն անցկացնել այդ հարցով, դրա տեղը խորհրդարանն է։ Մենք ՝ նախարարների ամբողջ կաբինետը, կառավարությունը, պատրաստ ենք ընդդդիմության հետ կառուցողական համագործակցության, որովհետեւ սա մեր ընդհանուր երկրիրն է», - այսօր հայտարարել է Ղարիբաշվիլին։

Երկուշաբթի օրը Թբիլիսիի կենտրոնում Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է լայնածավալ բողոքի ակցիա անցկացնել՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով։ Ընդդիմությունն ավելի վաղ վերջնաժամկետ էր տվել իշխանությանը՝ հոկտեմբերի 1-ից հացադուլի մեջ գտնվող նախկին նախագահին մասնավոր հիվանդանոց տեղափոխելու համար։