Քաղհասարակության ներկայացուցիչներն ու փորձագետները կշռադատված դիմակայության կոչ են անում

«Եթե Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը անխուսափելի է, ապա Հայաստանի իշխանությունները պետք է կշռադատված դիմակայեն առկա սպառնալիքներին», - հայտարարում են Հայաստանի քաղհասարակության մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչներ և փորձագետներ՝ պնդելով, որ սահմանազատման գործընթացը սկսվել է Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչության և Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում։

«Նպատակն ասելը չէր, ոչ մի բանի չգնալ, ճանապարհ պետք չի բացել, կամ դելիմիտացիա, դեմարկացիա պետք չի։ Բայց էնտեղ կան վտանգներ ու կան հնարավորություններ», - ասում է հայտարարության հեղինակներից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Ռուսաստանը վերջին շրջանում մի անգամ չէ, որ հայտարարել է, թե Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան սկսելու կողմնակից է։ Ավելին, Ռուսաստանի նախագահը անգամ նշել էր, որ այդ գործընթացի համար անհրաժեշտ Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի գլխավոր շտաբում են։

Ստեփան Գրիգորյան

«Հայաստանը պարտավոր է համաձայնեցնել սահմանազատման և սահմանանշման գործընթացը միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմքով՝ չեզոք միջազգային կազմակերպության, օրինակ, ԵԱՀԿ-ի միջնորդությամբ՝ արտաքին ուժերի ճնշման բացառման պայմաններում», - ասված է հայտարարությունում, որին միացած քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Հայաստանը պետք է փորձի խոսել նաև Ռուսաստանի հետ, որը մինչև այս պահն արդեն հայտարարել է, որ դելիմիտացիայի գործընթացքում Մոսկվայից բացի այլ միջնորդի անհրաժեշտություն չկա. - «Եթե Ռուսաստանը նկատի ունի 20-ական թվերի քարտեզներով, ո՞վ ա դեմ... զարմանալի կլիներ։ Մենք ասում ենք՝ քանի որ մեր ունեցած տվյալներով, կարծես թե 70-ական թվերի պետք է լինի, դա ուղղակի կործանարար կլինի մեր պետականության համար։ Քանի որ այսպես կոչված անկլավները պետք է մնան Ադրբեջանին, ու բոլոր մեր մայրուղիները վերահսկողության տակ կընկներ Ադրբեջանի»։

20-ականների քարտեզների մասին է խոսել նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ «Ֆակտոր TV»-ին թված հարցազրույցում՝ նշելով, որ այդ քարտեզները իրավական հիմք ունեն. - «Որովհետև 20-ական թվականներին է Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսվել, և իրավական հիմք ունեցող փաստաթուղթը սա է։ Մենք կարծում ենք, որպեսզի արդյունավետ լինի այս գործընթացը, և նոր խաղի կանոններ չստեղծեն, և նոր պրոցեսների հիմք չդնենք, ավելի արդյունավետ կլինի, եթե մենք այս քարտեզը որպես հիմք ընդունենք և փորձենք այս դժվարին գործընթացը երկու պետությունների միջև անցնել»։

Քաղաքացիական հասարակության ու փորձագիտական հանրության ներկայացուցիչների բարձաձայնած հաջորդ հարցը Սյունիքի հնարավոր միջանցքի մասին է։ Հայտարարության հեղինակները իշխանություններին կոչ են անում բացառել Սյունիքում որևէ «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության հեռանկարը, իսկ Սյունիքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։

Արմեն Գրիգորյան

«Բոլոր ճանապարհները, որոնք ապաշրջափակվելու են, գտնվելու են տվյալ պետության սուվերեն վերահսկողության տակ։ Դա աշխատանքային խմբի սկզբունքն է, որը փաստաթղթով արձանագրված է։ Սրա մասին տեղյակ է նաև Ադրբեջանը, և նրանք ևս համաձայնություն են տվել այս սկզբունքին։ Սրա մասին հայտարարել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ավերչուկը», - նշել է Գրիգորյանը։

«Մենք էլ նույն կարծիքի ենք, մեր տարածքով անցնող ճանապարհները մենք պետք է վերահսկենք, - ասում է Ստեփան Գրիգորյանը, - ոչ թե Ռուսաստանը կամ Թուրքիան։ Միայն մենք։ Դուք նույնն եք ասում, ողջունում ենք, բայց փորձը ցույց տվեց պատերազմից հետո, որ հաճախ հետո Ռուսաստանը փաթաթում է մեր վզին իր ուզածը։ Ուրեմն ստեղ վտանգներ, այո, կան, ինչքան էլ հայտարարություններ չարվեն»։

Ստեփան Գրիգորյանը, քաղաքական մեկնաբան Հովսեփ Խուրշուդյանը, անվտանգության հարցերով խորհրդատու Սոսի Թաթիկյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և իշխանություններին ուղղված հայտարարության մյուս հեղինակները նաև տեսակետ են հայտնում, որ Հայաստանը պետք է խուսափի ներգրավվել Թուրքիայի առաջ մղած «3+3» հարթակում, դրա փոխարեն պետք է փորձի որդեգրել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը տարածաշրջան կբերի նոր ազդեցիկ գործընկերների։

«Ճիշտ կլիներ ասել՝ մենք դեմ ենք էդ ձևաչափին։ Այդ դեպքում Ֆրանսիան, Միացյալ Նահանգները ավելի նպատակաուղղված մեզ կաջակցեին։ Իրենք էլ հիմա ապակողմնորոշված են, Հայաստանը ոչ մի բան չի ասում։ Բայց մյուս կողմից ես հասկանում եմ, թե ինչու իշխանությունը կտրուկ չի ասում։ Քանի որ Ռուսաստանը դա ուզում է։ Դա ոչ միայն Թուրքիայի նախաձեռնությունն է, դա ռուս-թուրքական նախաձեռնություն է... Իմ կարծիքով, պետք է ուղղակի ճկուն լինես։ Դուք գիտեք, Իրանը չի ուզում, որ Արևմուտքը գա տարածաշրջան, բայց Իրանը դեմ չի, որ գա Հնդկաստանը, Չինաստանը։ Ուրեմն պետք է բոլորի հետ աշխատես»։, - ասաց Գրիգորյանը։

Այս ձևաչափի մասին Հայաստանը քննարկում ունեցել է միայն Ռուսաստանի հետ, որին ներկայացրել է իր մոտեցումը, երեկ հարցազրույցում հայտարարել է Արմեն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ եթե առաջիկայում տեսնեն, որ պաշտոնական Երևանի մոտեցումների վերաբերյալ ըմբռնում կա, ինչպես նաև հստակ է «3+3» ձևաչափում քններկվելիք հարցերի շրջանակը ապա չեն բացառի համագործակցությունը այս ձևաչափով։