Մարիխուանայի օգտագործումը, պահելն ու վաճառելը ապաքրեականացնելու օրինագիծ՝ Վրաստանի խորհրդարանում

«Գիրչի» կուսակցության առաջնորդ Յագո Խվիչիան Վրաստանի խորհրդարանում մի օրինագիծ է գրանցել, որը ենթադրում է ապաքրեականացնել մարիխուանայի օգտագործումը, պահելն ու վաճառքը։ Նա ասել է, որ այդ հարցերը պետք է կարգավորվեն վարչական օրենսդրությամբ։

Խվիչիան նշել է, որ մարիխուանա օգտագործելու, պահելու, կամ վաճառելու մեղադրանքով 84 մարդ մեկուսարանում պատիժ է կրում, ևս 311-ը պայմանական են դատապարտվել, իսկ օրենքն ընդունվելու դեպքում ոչ մեկը բանտ չի նստի։

2018-ին Վրաստանի սահմանադրական դատարանը օրինականացրել էր մարիխուանայի օգտագործումը, բայց աճեցնելն ու վաճառելը մնում են քրեորեն պատժելի։ Նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այն ժամանակ ասել էր, թե բժշկական նպատակներով մարիխուանա աճեցնելու թույլտվությունը երկրին մեծ օգուտներ կբերի, սակայն Վրաստանի ուղղափառ եկեղեցու բացասական դիրքորոշման պատճառով օրինագիծը հետ էր կանչվել խորհրդարանից։