Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում առավել մարդաշատ են ռուսական ուղղությունները։
Մեծ մասը կա՛մ աշխատելու նպատակով էր գնում, կա՛մ աշխատանք փնտրելու, կա՛մ արդեն տարիներ շարունակ Ռուսաստանում ապրող իրենց երեխաներին այցելության, որոշներն էլ Հայաստանը լքում էին երկրում անկայուն իրավիճակի պատճառով։
«Աղջիկս էլ է Մոսկվայում, տղաս էլ արդեն քանի տարի Սանկտ Պետերբուրգում է, մենք էլ էստեղ էինք, հիմա գնում ենք։ Եթե լավ լինի, կմնանք, եթե՝ չէ, նորից հետ կվերադառնանք: Հիմա աշխատանքը կա, բնականաբար, պետք է ապրեն, գոյատևեն, իսկ էստեղ չկա այդ աշխատանքը։ Հետագայում եթե լինի, գուցե հետ վերադառնան։ Հենց այս պահին ոչ կայուն վիճակ ա, չգիտես, դե պատերազմն արդեն....., շատ բան կորցրեցինք», - ասաց քաղաքացիներից մեկը։
«Ես թոշակառու եմ, տղիս, հարսիս հետ Մոսկվայում եմ ապրում։ Հլը որ չէ, որ ասեմ ուզում են գան, սուտ կլինի, որովհետև Հայաստանում չեն կարող ընտանիք պահել», - նշեց մեկ այլ քաղաքացի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս տարվա 6 ամիսներին մոտ 22 հազար հայաստանցի Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել. սա ռեկորդային ցուցանիշ էԱյս տարվա առաջին 6 ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 22 հազար հայաստանցի: Ցուցանիշը ռեկորդային է անցած 4 տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: Ավելացել է նաև Ռուսաստանում միգրացիոն ծառայությունում հաշվառման կանգնած հայաստանցիների թիվը. առաջին 6 ամիսներին մոտ 300 հազար մարդ Ռուսաստանում օրինական կարգավիճակ ստանալու գործընթաց է սկսել։ Իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 200 հազարի էլ չէր հասնում:
Ժողովրդագրական միտումներն ուսումնասիրող ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչության թվի նվազում է կանխատեսում։ Թե որքան, առայժմ չեն հրապարակում, հետազոտությունը դեռ ընթացքի մեջ է։ Կանխատեսումներն իրականացվել են երեք սցենարներով՝ լավատեսական, հաստատուն և հոռետեսական։ Միայն լավատեսական սցենարով, եթե արտագաղթի հաղթահարմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկվեն, ապա բնակչության թվաքանակը կմնա գոնե անփոփոխ, մյուս դեպքերում՝ բնակչության թիվը շարունակաբար կնվազի։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ժողովրդագրության ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանը զարգացող երկրների փորձն է օրինակ բերում։ Ժողովրդագրական իրավիճակի վրա դրական ազդեցություն ունեցող գործոններն են՝ տնտեսական աճը, անվտանգության միջավայրի առկայությունը, մատչելի բնակավայրերի ապահովումը, աշխատանքային ճկուն գրաֆիկը, կանանց և տղամարդկանց դերերի հավասար բաշխումը, երիտասարդների համար կայուն եկամուտը և այլն:
«Եթե մարդկանց հատկապես երիտասարդներին հասանելի լինի որակյալ կրթություն, առողջապահական ծառայություններ, եթե ապահովեն կայուն աշխատանքով և երեխաների խնամքի աջակցությամբ, նրանց արտագաղթելու հավանականությունը կնվազի, որը կբերի տվյալ երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, որովհետև երբ երկրից արտագաղթում են հատկապես երիտասարդները, բոլոր երկրներում, ինչպես նաև Հայաստանում, մենք ունենք ծերացող հասարակություն», - ասաց Հովհաննիսյանը։
Մինչ մասնագետները խոսում են մտահոգիչ միտումների մասին ու հիշեցնում, որ արտագաղթը ահագնանում է հատկապես պատերազմներից հետո, կառավարությունը վերջերս մի նոր ժողովրդագրական ռազմավարություն է մշակում, որի նախնական տարբերակը միայն մյուս տարի պատրաստ կլինի։ Սոցապ նախարարությունը համագործակցում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ, ներգրավվելու են միջազգային փորձագետների, ուսումնասիրելու են ժողովրդագրության վրա ազդող գործոնները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ հաջորդ տարի փաստաթուղթը կներկայացվի կառավարության հաստատմանը։ Ի՞նչ ծրագրեր է նախատեսվում մշակվող ռազմավարությամբ: «Թե՛ կրթության, թե՛ ծնելիության, թե՛ երկարակեցության, թե՛ կենսաթոշակների հետ կապված, թե՛ միգրացիայի հետ կապված, ընդհուպ հնարավոր է հարկային փոփոխություններ», - պատասխանեց փոխնախարարը։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամ տեսնում է, բայց վիճակը շտկելուն ուղղված քայլերը չի նշմարում։ Միայն ծնելիությունը խթանող ֆինանսական աջակցության ծրագրերը քիչ են, լուծումը կարող է լինել երկրում կայունության հաստատումը՝ և՛ ներսում, և՛ արտաքին հարաբերություններում։
«Կարծում եմ, որ Հայաստանի բնակչությունը այս պահին նոյեմբերի 9-ի համաձայնագիրը Արցախյան պատերազմի չի համարում խնդրի լուծում», - նշեց ազգագրագետը:
Խառատյանի խոսքով՝ եթե Հայաստանում պահպանվի նույն իրավիճակը, ապա արտագաղթը ավելի կահագնանա, բնակչության թվի շարունակական նվազումը անխուսափելի կլինի. «Եվ դրանք տարբեր սոցիալական շերտեր կտանեն ու ցավալիորեն շատ կլինեն ակտիվ տարիքի, ակտիվ աշխատանքային վիճակի և հարաբերականորեն լուրջ գիտելիքի մարդիկ։ Այսինքն՝ մեր երկրում զգալի չափով ավելանում է սոցիալական օժանդակության կարիքավորների խումբը»։
Այս տարվա վեց ամիսներին Հայաստանի սահմանը հատել ու չի վերադարձել ավելի քան 50 000 հազար մարդ։ Նախակովիդային 2019 թվականին, օրինակ, չվերադարձածների թիվը ընդամենը 1300, 2018-ին 5200 է եղել։ Սակայն սահմանահատումների վիճակագրությունը դեռևս արտագաղթի ցուցիչ չէ։ Դա ուսումնասիրելու համար ավելի երկար ժամանակահատված է հարկավոր։