Բրիտանիայի Համայնքների պալատը նոյեմբերի 9-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ

Միացյալ Թագավորություն - Քվեարկություն Համայնքների պալատում, արխիվ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում նոյեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ։

Միացյալ Թագավորությունում Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ նախագիծը ներկայացրել է պահպանողական պատգամավոր Թիմ Լոթընը։

Եթե նախագիծն անցնի այս փուլը, Մեծ Բրիտանիան մեկ քայլ կմոտենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, նշում է Հայ դատի հանձնախումբը՝ շեշտելով, որ «չպատժված հանցագործությունը խրախուսված հանցագործություն է»:

20-րդ դարի սկզբին օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են երեք տասնյակից ավելի պետություններ և միջազգային հեղինակավոր կառույցներ։ Այս տարի ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործեց Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ ամերիկյան Կոնգրեսի զույգ պալատները համապատասխան բանաձևեր էին ընդունել ավելի վաղ։