ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, Ադրբեջանում պահվող հայ գերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի ապահովմանը, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. համանախագահները հայտարարությամբ են հանդես եկելՎարչապետ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը, վերջերս Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպումը և համանախագահների սպասվող այցը տարածաշրջան:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետը:
«Ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ կառավարության դերը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Վերջերս այս առումով արձանագրել ենք կոնկրետ արդյունք՝ ի դեմս Պարեկային ոստիկանության ստեղծման»,- ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել նաև ԱՄՆ դերը ընթացիկ տարվա հունիսին Ադրբեջանից 15 հայ գերիների վերադարձի գործում: Վարչապետը գոհունակությամբ է արձանագրել, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանքերի գործադրումն այդ ուղղությամբ:
ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանային կոմունիկացիների բացման ու Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման հնարավորություններին՝ ներկայացնելով մեր երկրի հստակ դիրքորոշումները:
Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 114 գերի, նրանց թվում են և՛ զինծառայողներ, և՛ քաղաքացիական անձինք։ Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։