Էրիկա Օլսոնի այցը հնարավորություն է Հայաստանի համար փորձելու լուրջ քաղաքական երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. փորձագետ

ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ էրիկա Օլսոն

Հայաստանում է ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ էրիկա Օլսոնը՝ մասնակցելու տարածաշջրանային համաժողովի, հանդիպելու Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալին այսօր արդեն ընդունել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ, ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներում։

ԱԳՆ-ն հաղորդում է, որ քննարկվել է նաև Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, նախարար Միրզոյանը շեշտել է հայ գերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ու Հայաստանի արտգործնախարարը նաև կարևորել են ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ձևավորված համագործակցությունը։ Այլ մանրամասներ հանդիպումից չկան։

էրիկա Օլսոնը Հայաստանում մասնակցում է նաև տարածաշրջանային համաժողովի, որին ներկա են նաև Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները, կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատուն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրենը։

Երևանում այս համաժողովը պետք է անցկացվեր դեռ անցյալ տարի, սակայն հետաձգվել էր, հաղորդեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը. - «Միջոցառումը առաջինը չէ։ Նախորդ համաժողովները տեղի են ունեցել Ադրբեջանում և Վրաստանում։ Վրաստանում ՝2018-ին, և Ադրբեջանում՝ 2019-ին։ Հայաստանում այն պետք է տեղի ունենար անցյալ տարի՝ 2020-ին, բայց համավարակով պայմանավորված, այն հետաձգվեց մինչև այս տարի»։

Հաղորդվում է, որ Օլսոնը նշել է, որ ուրախ են վերականգնելու տարածաշրջանի և մայրաքաղաք Վաշինգտոնի գործընկերների հետ հավաքվելու ավանդույթը, ինչը թույլ կտա առավել լավ համակարգել Միացյալ Նահանգների քաղաքականությունը տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին վերջին ամիսներին բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, մնում է Մինսկի խմբի օրակարգում, և որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո կա հարցի համապարփակ լուծման անհրաժեշտություն երկարատև խաղաղության հասնելու համար։

Իր հերթին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը վերջերս ադրբեջանցի լրագրողների խնդրանքով անդրադարձել է այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի բացման» թեմային՝ նշելով. - «խոսելով տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներից, մենք ցանկանում ենք ասել, որ ԱՄՆ-ը շատ հետաքրքրված է տարածաշրջանային կապերի ստեղծման հարցով. դա կարող է լինել ցամաքային տրանսպորտ, երկաթուղային տրանսպորտ, օդային տրանսպորտ»։

Ինչպես հաստատեցին Կառավարությունից, էրիկա Օլսոնին ընդունելու է նաև Հայաստանի վարչապետը։

Սուրեն Սարգսյան

Մինչ այդ ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նշում է, որ Վաշինգտոնից ժամանած բարձրաստիճան պաշտոնյայի այցը տարածաշրջան հնարավորություն է Հայաստանի համար փորձելու լուրջ քաղաքական երկխոսություն սկսել Նահանգների հետ. - «Ցավոք սրտի, հայ-ամերիկյան օրակարգը մեծամասամբ պտտվում է ամերիկյան օգնության տրամաբանության շուրջ, այսինքն՝ օրակարգում ներառված հիմնական ծրագրերն ու հարցերը վերաբերում են Միացյալ Նահանգներից Հայաստանին տրամադրվող տարբեր ծրագրերի և դրամաշնորհների միջոցով օգնությանը։ Եվ սա պետք է փոխել, որովհետև փոխգործակցություն բառի կարևոր հատվածը էդ «փոխ»-ն է, չէ՞, այսինքն՝ մենք պետք է համագործակցենք, այլ ոչ թե միակողմանի օգնություն ստանանք»։

Հայ-ամերիկյան հարաբերություններում այս պահին լճացում կա, կարծում է Սարգսյանը։ Ըստ նրա, դրա ապացույցը թույլ օրակարգից բացի նաև երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների բացակայությունն է վերջին տարիներին. - «Ցավոք սրտի, մենք չենք տեսնում հարաբերությունների խորացում այն ուղղություններով, որոնք որ հնարավոր է անել առանց խնդիրներ հարուցելու մեր այլ գործընկերների հետ հարաբերություններում։ Կան ընդհանուր շահեր թե' Ռուսաստանի Դաշնության և թե' Միացյալ Նահանգների հարաբերություններում, և էդտեղ մենք վստահ ենք, որ կարող ենք ինչ-որ քայլեր նախաձեռնել առաջ շարժվելու համար»։