Շաբաթներ տևած բարդ բանակցություններից հետո «Գազպրոմն» ու Մոլդովան ի վերջո համաձայնության եկան գազի մատակարարման նոր պայմանների շուրջ։ Էներգետիկ ճգնաժամում հայտնված Քիշնևը, որը գազի դեֆիցիտի պատճառով անցած ամիս երկրում արտակարգ դրություն էր հայտարարել, ստորագրեց «Գազպրոմի» պահանջած նոր երկարամյա պայմանագիրը։
Նախկին պայմանագրի ժամկետը սպառվել էր սեպտեմբերին, Մոսկվան, որը 100 տոկոսով ապահովում է այդ երկրի գազային պահանջարկը, իսկույն կրճատեց գազի մատակարարումները ⅓-ով, որից հետո ռուսաստանյան ընկերությունը որոշեց էականորեն թանկացնել Մոլդովային մատակարարվող գազը, ինչի հետևանքով երկրում ստեղծվեց աննախադեպ ճգնաժամ` ստիպելով կառավարությանը երկրում մտցնել արտակարգ դրության ռեժիմ։
Նոր պայմանավորվածության համաձայն` առաջիկա հինգ տարիներին ռուսաստանյան կապույտ վառելիքը Մոլդովա կհասնի նոր սակագնով՝ միայն նոյեմբեր ամսվա համար հազար խորանարդ մետրի դիմաց 450 ամերիկյան դոլարով, իսկ հետագա ամիսներին Քիշնևը կվճարի 500-600 ամերիկյան դոլար՝ կախված գազի միջազգային շուկայում տիրող իրավիճակից։ Կողմերը վստահեցնում են՝ համաձայնագիրը կազմվել է փոխշահավետ պայմաններով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլդովան նիդերլանդական Vitol ընկերությունից 1 մլն խմ գազ ձեռք կբերիՌուսական կողմն, այդուհանդերձ, զիջումների չի գնացել Մոլդովայի պարտքի հարցում` համաձայնելով միայն անկախ աուդիտ անցկացնել, ինչը պնդում էր Քիշնևը՝ պարտքի վերջնական թիվը ստուգելու և մարման նոր ժամկետներ սահմանելու նպատակով։
«Գազպրոմի» հաշվարկներով Մոլդովայի պարտքը կազմում է 433 միլիոն դոլար, իսկ քանի որ այդ պարտքի մարման ժամկետները պարբերաբար հետաձգվել են, գումարը, ռուսական կողմի պնդմամբ, հասել է 709 միլիոնի, ինչի հետ, սակայն, մոլդովական կառավարությունը համաձայն չէ։
Մոլդովան վստահեցնում է, թե գոհ է արդյունքներից
Պաշտոնական Քիշնևը ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարում է, թե գոհ է բանակցությունների արդյունքներից։ Մոլդովայի փոխվարչապետ, ռուսական կողմի հետ հիմնական բանակցող Անդրեյ Սպընուն այսօր որոշ մանրամասներ է պատմել․ «Բանակցությունների ընթացքը բարդ էր։ Մեր դիրքորոշումը այնքան էլ շահեկան չէր, քանի որ բանակցություններն ընթանում էին միջազգային շուկայում գազի անոմալ գնաճի ֆոնին»։
Մոլդովայի փոխվարչապետի խոսքով` Քիշնևը երեք խնդիր ուներ՝ ներկայիս պայմաններում հասնել գազի հնարավորինս լավ գնի, կանխել բնակչության, կազմակերպությունների և ձեռնարկությունների սակագների զգալի աճը, ինչպես նաև քաղաքական պայմանները։
Քիշնևին հաջողվել է լուծել իր առջև դրած խնդիրները, վստահեցրել է փոխվարչապետ Սպընուն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլդովայում գազամատակարարման ծայրահեղ ծանր ճգնաժամ էՄոլդովայի արևմտամետ նախագահ Մայա Սանդուն, որն իր քաղաքական գործունեության ընթացքում աչքի է ընկել Ռուսաստանի հասցեին կոշտ քննադատությամբ և բազմիցս է իր քայլերով հարուցել Կրեմլի զայրույթը (Մոսկվային կոչ է արել դուրս բերել խաղաղապահ զորքը Մերձդնեստրից, միացել է Ղրիմյան հարթակին, որի միջոցով Կիևը փորձում է համակարգել միջազգային ջանքերը Ղրիմը Ուկրաինայի կազմ վերադարձնելու ուղղությամբ), ռուսական «Կոմերսանտի» հետ զրույցում հայտարարել է, թե գոհ է ձեռք բերված պայմանավորվածություններից։
«Սա դրական նախադեպ է Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններում»,- շեշտել է Մոլդովայի նախագահը` հերքելով մամուլում շրջանառվող խոսակցությունները, թե Մոսկվան գազի գնի շուրջ բանակցություններում քաղաքական պայմաններ է առաջ քաշել։
Հերթական դուետը Մոլդովայում, պնդում է մամուլը
Միջազգային մամուլը, սակայն, համառորեն պնդում է՝ Կրեմլն ու «Գազպրոմը» հերթական դուետն են բեմադրում՝ այս անգամ Մոլդովայում։
Էներգետիկ աննախադեպ ճգնաժամն այդ երկրում տեղի է ունեցել քաղաքական փոփոխությունների ֆոնին։ Խորհրդային Միության մաս կազմած Մոլդովան, որը տարիներ շարունակ անվերապահ հավատարմություն էր դրսևորում Կրեմլի նկատմամբ, այս ամառ հիասթափեցրեց մեծ հարևանին։ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում մոլդովացիները քվեարկեցին եվրոպամետ ուժի օգտին, որը ձգտում է առավել սերտ կապեր հաստատել Բրյուսելի հետ՝ փորձելով երկիրը դուրս բերել ռուսաստանյան ազդեցության գոտուց։
The Financial Times-ը, վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ իր աղբյուրները, գրել էր, որ Կրեմլի կողմից վերահսկվող «Գազպրոմը» էժան գնի դիմաց Քիշնևից պահանջել է խմբագրել Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիրը և չեղարկել Բրյուսելի հետ համաձայնեցրած բարեփոխումները էներգետիկ շուկայում։ Հեղինակավոր պարբերականի տվյալներով` Մոսկվան ցանկանում է պահպանել իր գազային մենաշնորհը Մոլդովայում և այդ երկրին ստիպել անդամակցել Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ԵՄ-ի` Մոլդովայի պարագայում Ռուսաստանը գազն օգտագործում է որպես զենքՄոլդովայի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա
Եվ ահա այս խոսակցությունների ֆոնին` «Գազպրոմի» և Քիշնևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից բառացիորեն երկու օր անց ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը հայտարարում է Մոլդովայի արտգործնախարարի մոսկովյան այցի մասին։ Նոյեմբերի 16-17-ը Նիկու Պոպեսկուն Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպում կունենա ռուսաստանցի պաշտոնակցի հետ։
«Նախարարների բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ համագործակցության արդիական հարցերը՝ շեշտը դնելով երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների փոխգործակցության թեմաների վրա», - հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը` շեշտելով, որ կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն առանցքային միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցությանը։
Փորձագետների գնահատմամբ` Մոլդովայում վերջին շաբաթներին ստեղծված ծանր կացությունը նաև Եվրոպայի առավել լայնամասշտաբ գազային ճգնաժամի մաս է կազմում: Տարվա սկզբից ի վեր Եվրոպայում գազի գները աճել են ավելի քան երեք անգամ։ Առջևում ձմեռ է, իսկ ճգնաժամը շարունակում է թափ հավաքել՝ էլ ավելի մեծացնելով եվրոպական մայրցամաքի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։