ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծել է վիճահարույց «Հյուսիսային հոսք 2» գազատարի վերաբերյալ ամերիկա-գերմանական համաձայնագրի իրականացման կարևորությունը՝ երաշխավորելու, որ Ռուսաստանը չի կարող շահարկել բնական գազի հոսքերը «վնասակար քաղաքական նպատակներով», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 30-ին Հռոմում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա հավանական իրավահաջորդ Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո Ջո Բայդենն «ընդգծել է Ուկրաինային և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն աջակցության մասին ԱՄՆ-Գերմանիա համատեղ հայտարարության իրականացման համար շարունակվող աշխատանքը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ The Economist․ Եվրոպացի սպառողները կարող են փոխարինել ռուսական գազը ադրբեջանականովԱՄՆ-ի և Գերմանիայի միջև համաձայնագիրը, որի մասին հայտարարվեց հուլիսին, նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե գազատարը օգտագործվի որպես աշխարհաքաղաքական «զենք»:
Գազատարն անցկացվել է Բալթյան ծովի հատակով և բնական վառելիքը պետք է Ռուսաստանից հասցնի Գերմանիա, որտեղից կփոխադրվի ոչ միայն գերմանական, այլև արտասահմանյան շուկա:
Գազատարը շրջանցում է Ուկրաինայի տարածքն, ինչի հետևանքով Ուկրաինան կզրկվի գազի տարանցման համար մոտ 2 միլիարդ դոլարի տարեկան եկամուտից:
Ուկրաինան, Լեհաստանը, Բալթյան երեք հանրապետությունները, եվրոպական մի շարք այլ երկրներ, ինչպես նաև Միացյալ Նահանգները մշտապես պնդել են, որ այդ գազատարը շահագործման հանձնելուց հետո բնական վառելիքի հարցում Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից էլ ավելի ծանր կդառնա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կրկին դեմ է արտահայտվել «Հյուսիսային հոսք-2» գազատարին«Հյուսիսային հոսք 2»-ը պատրաստ է գործարկման, ռուսական կողմը սպասում է միայն Գերմանիայի կարգավորող մարմինների թույլտվությանը: Որոշումը պետք է պաշտոնապես հրապարակվի մինչև հունվարի 8-ը:
Մոսկվան Բեռլինին կոչ է արել հնարավորինս արագ պատասխանել՝ հաշվի առնելով ձմռան նախաշեմին եվրոպական պահուստներում գազի փոքր ծավալները: