«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բալասանյան դաշինքը» համագործակցության հուշագիր են ստորագրել:
Ըստ հուշագրի, Գյումրիում քաղաքապետի թեկնածու է առաջադրվում «Բալասանյան դաշինք»-ից Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետեր առաջադրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացմամբ:
ՔՊ-ից Քնարիկ Հարությունյանն ասաց՝ այս պահին դեռևս փոխքաղաքապետերի թեկնածուների աննուները նշել չեն կարող: «Նոյեմբերի 1-ին՝ ավագանու առաջին նիստից հետո և՛ փոխնախագահների, և՛ ավագանու խմբակցության ղեկավարի, քարտուղարի, ինչպես նաև հանձնաժողովների նախագահների անունները արդեն հրապարակավ կներկայացնենք ու նաև այլ մանրամասներ», - նշեց Հարությունյանը:
Հուշագիրը ստորագրվել է ելնելով Գյումրիում հոկտեմբերի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներից՝ նպատակ ունենալով ավագանիում ձևավորել կայուն մեծամասնություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրու քաղաքապետի թեկնածուները չեն շտապում կոալիցիաների մասին խոսել«Ազատության» հարցին էլ, թե ինչո՞ւ հուշագրի ստորագրումը այդքան ձգձգվեց, Քնարիկ Հարությունյանն արձագանքեց. «Որևէ ճնշման մասին խոսք գնալ չի կարող, սա միտված է միայն ու միայն քաղաքի զարգացմանը: Երկրի կառավարող ուժը Գյումրիում այս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, մենք շահագրգիռ ենք, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակի այդ բարի ավանդույթը նաև Գյումրիում: Ժամկետները ուղղակի այսպես ստացվեց, որևէ օրինաչափություն, որևէ դիտավորություն դրա մեջ տեսնել պետք չէ»:
Գյումրիի նոր ավագանիում առավելագույն՝ 14 մանդատ ստացած «Բալասանյան դաշինքին» երեք մանդատ էր պակասում մեծամասնություն կազմելու համար: «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 11 մանդատ: