Գլազգոյում սպասվում է Էրդողան-Բայդեն հանդիպում

Պաշտպանական համակարգերի առք ու վաճառքի հարցով անհամաձայնության և արևմտյան տասը դիվանագետների, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանի շուրջ սկանդալից հետո առաջիկա շաբաթը կարող է բեկումնային լինել ՆԱՏՕ-ում դաշնակիցներ Թուրքիայի ու ԱՄՆ-ի փոխհարաբերություններում, որոնք ամենալավ շրջանը չեն ապրում:

Նախագահներ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը շաբաթավերջին Հռոմում կմասնակցեն G20-ի երկրների գագաթնաժողովին, ապա Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի համաշխարհային համաժողովին: Միջազգային այս հարթակներում ուշադրությունը Էրդողան-Բայդեն հավանական հանդիպման վրա է: Այնուհանդերձ, մինչ այժմ կողմերը վերջնականապես չեն հաստատել, որ նախագահների հանդիպումը կայանալու է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հռոմում շաբաթավերջին կհանդիպեն G20-ի առաջնորդները


Օրերս Թուրքիայի նախագահը ասել էր, որ Բայդենի հետ հանդիպումը Հռոմում քիչ հավանական է, սակայն Գլազգոյում այն նախատեսվում է: Սպիտակ տնից էլ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանն է ասել, որ Գլազգոյում նախագահների հանդիպումը ակնկալվում է: Օրերս նա հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ՝ քննարկելով երկկող հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և նախագահների հնարավոր հանդիպման օրակարգը:

Սպասվում է, որ Էրդողան-Բայդեն հանդիպման գլխավոր թեման F-35 կործանիչների խնդիրն է լինելու: 2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ն որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 կործանիչները: Փոխհատուցում ստանալու ակնկալիքով վերջերս Անկարան դիմել էր Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: Էրդողանը մտադիր է Բայդենի հետ քննարկել F-35-ների համար վճարված 1 մլդ 400 մլն դոլարի վերադարձի կամ գումարի դիմաց F-16 կործանիչներ ստանալու հարցը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԱՄՆ-ն ոչ մի ֆինանսական առաջարկ չի արել F-16-ի վերաբերյալ Թուրքիայի առաջարկին»․ Նեդ Փրայս

Ուշագրավ է, որ շաբաթվա սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 11 անդամներ նամակ էին հղել նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով Թուրքիային չվաճառել F-16 կործանիչները: Ի պատասխան, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նախօրեին CNN Türk-ի եթերում ասել էր, որ Թուրքիան մարտական ինքնաթիռների հարցում այլընտրանք ունի: Նա նշել էր, որ Թուրքիան իր ռազմաարդյունաբերությունն է զարգացնում և նպատակ ունի սեփական ինքնաթիռներ արտադրել: Իսկ մինչ այս եթե ԱՄՆ չուզենա կամ Կոնգրեսը թույլ չտա վաճառել F-35 և F-16 ինքնաթիռները, ապա իրենք այլ տարբերակներ կդիտարկեն՝ ներառյալ ռուսական Su-35 և Su-57 կործանիչները:

Գլազգոյի հանդիպմանը ընդառաջ Պենտագոնից մի պատվիրակություն օրերս թուրք գործընկերների հետ հանդիպել է Անկարայում, Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարներն էլ հեռախոսազրույցի ընթացքում են քննարկել F-35-ի շուրջ տարաձայնությունները: Լոյդ Օսթինը Հուլուսի Աքարին փոխանցել է, որ ԱՄՆ-ը քաջատեղյակ է պաշտպանական համակարգերի արդիականացման հարցում Թուրքիայի կարիքների մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում կայացան Թուրքիայի նախագահի հետ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հանդիպումները

Փորձագետների համոզմամբ, անցած շաբաթ Անկարայի և արևմտյան երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի հանգուցալուծումը ճանապարհ հարթեց Էրդողան-Բայդեն հանդիպման կայացման համար: Երկու երկրների առաջնորդները առաջին անգամ հանդիպել էին հունիսի 14-ին Բելգիայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ: Իսկ անցած ամիս Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում սպասվող Էրդողան-Բայդեն հանդիպումը չէր կայացել: