Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավանի երեխաները դաստիարակչուհու հարցին, միահամուռ, ժպտուն դեմքով պատասխան են տալիս՝ շատ են սիրում իրենց գյուղը։
Գյուղում մեծերը վստահեցնում են, թե վերջին տարիներին ռումբերը Բերդավան չեն հասել։ 4-5 տարեկան երեխաները սահմանի մյուս կողմից կրակոցներ չեն հիշում։ Հարևաններին նշելիս հակառակորդ Ադրբեջանի մասին չեն հիշատակում։ Իրենց հարևանները բակի ընկերներն են, որոնց հետ երբեմն կռիվ-կռիվ են խաղում։
Գյուղամիջում հավաքված բերդավանցիներն այս տարի արդեն բերքը հավաքել են, ասում են՝ անարգել։ Նախկին տարիներին հաճախ է եղել, բերքահավաքը կիսատ թողել՝ այգուց փախել են, պատսպարվել, սպասել հրադադարին, որ այգում մնացած խաղողը տուն բերեն։
«Էդ օրը կրակել են, չենք քաղել, հետո իրիկունը մթին գնացել ենք, քաղել ենք, եկել, էս քանի տարի ա հանգիստ ա», - ասաց բերդավանցիներից մեկը:
Վերջին տարիներին գյուղացու խնդիրն այստեղ ուրիշ է։ Ջուր չունեն։ Գյուղի կողքով անցնող գետը ցամաքել է, խորհրդային տարիներից գործածվող պոմպերն էլ հնացել ու անպիտան են դարձել։ Բերդավանի միրգն ուրիշ համ ունի։ Ջուր լինի, դեղձով ու խաղողով ամբողջ շրջանը կապրի, ասում են բնակիչները. - «Եթե ջուր լինի, ստեղ միշտ դրախտ ա եղել. խաղողը, դեղձը, ամեն ինչը, բանջարեղենը»:
Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը տարբեր դռներ է ծեծել այս հարցով, խնդրել, համոզել։ Ջուրը գյուղացուն գյուղում պահելու ամենակարևոր պայմանն է, ասում է նա։
«Առանց ոռոգման ջրի բացառված է, որ դու կարողանաս տնտեսություն զարգացնես գյուղում: Հիմա գյուղում ապրում ես, գյուղատնտեսական համայնք է, պիտի ոռոգման ջուր լինի», - ասաց Մուղդուսյանը:
Վերջերս գյուղ լուրեր են հասել, որ կառավարությունն ու «Հովնանյան» բարեգործական հիմնադրամը պայմանավորվածություն ունեն: Հնարավոր է՝ Բերդավանի ու հարակից գյուղերի ոռոգման հարցով նախագիծ մեկնարկեն՝ ջրահավաք ավազանի ու պոմպերի հարցը լուծեն։ Ջրի պակասությունից տուժած բերդավանցիներն անգամ գյուտերի հեղինակ են դարձել։ Օղի թորելիս առանց ջրի, պոլիէթիլենի օգնությամբ հովացման համակարգ են կիրառում։ Արդյունավետ է, ասում է բերդավանցի Կարինե Զուրաբյանն ու նշում՝ ամուսնու գյուտն անջուր գյուղում ձեռքից ձեռք, տնից տուն փոխանցում են։
Ավելի քան 3000 բնակիչ ունեցող գյուղում կրթության հետևից մեծ քաղաքներ գնացողները շատ են։ Գյուղի մանկապարտեզի տնօրենն ասում է՝ երիտասարդների մի մասը կրթությունից հետո էլ գյուղ չի վերադառնում։ Գյուղում ծնելիության ցուցանիշներն էլ փոքր-ինչ նվազել են։
«Վերջին տարիների համավարակի հետ կապված և պատերազմի ծնելիությունը մի քիչ ցածրացել է, բայց հույս ունենք, որ գալով կավելանա, ոչ թե կնվազի, տենդենց կա», - ասաց մանկապարտեզի տնօրենը:
«Չես կարող Երևանում կրթություն ստացած երիտասարդին համոզել թողնել քաղաքի ապահով կյանքն ու գալ արկերի դիմաց հողագործություն անել մի գյուղում, որտեղ ջուրը երազանք է», - ասում է վարչական ղեկավարն ու շեշտում՝ գյուղում ու դրսում ապրող բերդավանցիներին միավորող կառույցներ են ստեղծել՝ Բերդավանում հասարակական կազմակերպություններ ու հիմնադրամներ են գործում։ Այն ինչ անհնար է բյուջեով անել, «Բերդավան» հիմնադրամի հաշվին են իրագործում։
«Էդ գաղափարը Ռուսաստանի մեր երիտասարդ տղաներինն են եղել, որ գյուղը համախմբվի, գյուղն ունենա ֆոնդ, մենք ամեն ամիս ստաբիլ ամենքս մեր X գումարն ուղարկենք, փոքր գումար: Երկու սիգարետի գումար ենք ամեն ամիս ուղարկելու մի տեղ, թող էդ գումարը հավաքվի ինչ-որ մի կարևոր գործի համար օգտագործենք», - ասաց Մուղդուսյանը:
Գյուղի մշակույթի պալատը վերջերս է հիմնովին վերանորոգվել։ 7-8 անվճար խմբակներ են գործում դպրոցականների համար։ Բանավեճի ակումբներ են կազմակերպվում։ Դրանց ընթացքում կարևոր գաղափարներ են ծնվում։
«Հասկացել եմ՝ մենք հաջողում ենք միայն երիտասարդության ուժը ճիշտ օգտագործելու դեպքում», - ասում է գյուղի 5 տարվա ղեկավարը։
«Ես ինքս եմ հասկանում, որ այն սերունդները, որ ձախողել են, հիմա նոր սերունդը պիտի գա ու ինքը փորձի փոխի ինչ-որ բան ու վստահ եմ, որ կփոխեն, կոնկրետ մեր գյուղի պարագայում արդեն փոխել են», - ընդգծեց նա:
Գյուղի շնորհալի երեխաների մասին պարծանքով են նշում ու ասում, որ մշակույթի պալատի ձեռքբերումն է՝ սովորում են՝ երգից մինչև կավագործություն։