Կառավարության այսօրվա որոշմամբ, ազատամարտիկ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ։
«Շնորհակալություն վստահության համար։ Վստահ եմ, որ իմ աշխատանքով կարդարացնեմ այս վստահությունը՝ ի բարօրություն մեր ժողովրդի, մեր պետականության», - ասաց Պետրոսյանը։
Ռազմիկ Պետրոսյանը նաև Արագածոտնի փոխմարզպետն էր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ ազատվեց այդ պաշտոնից։
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը երեկ էր հրաժարական ներկայացրել։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018-ի հոկտեմբերից։
«Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Արագածոտնի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում», - երեկ Ֆեյսբուքում գրել էր Գևորգյանը՝ շեշտելով․ - «Հաջողությունները մեր բոլորինն են, բացթողումներն ու թերացումները՝ միայն իմը: Վստահ եմ, որ մենք միասին ստեղծելու ու ապրելու ենք մեր բոլորի երազած՝ տնտեսապես զարգացած, հզոր ու երջանիկ Հայաստանում»: