Ֆիլմի նկարահանման հրապարակում ուկրաինացի կինեմատոգրաֆիստ Հալինա Հաթչինսի մահվանը հանգեցրած հրաձգության հանգամանքները քննող իրավապահները փորձում են պարզել՝ ինչպես է մարտական զինամթերքը հայտնվել նկարահանման հրապարակում:
Հաթչինսի վրա կրակել էր դերասան Ալեք Բոլդուինը «Ժանգ» ("Rust") ֆիլմի փորձի ժամանակ: Ըստ քննիչների՝ մեկ ուղիղ կրակոց է արձակվել, գնդակն անցել է Հաթչինսի իրանով, հետո դիպել ռեժիսոր Ջոել Սոուզայի ուսին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կինոաստղ Ալեք Բոլդուինը նկարահանման ընթացքում հրազենով մարդ է սպանելԵրեկ մամուլի ասուլիսում շերիֆ Ադան Մենդոզան ասել է, որ հետաքննիչները հավաքել են շուրջ 500 փամփուշտ՝ դրանց թվում ինչպես ոչ մարտական, այնպես էլ՝ մարտական։ «Մենք պատրաստվում ենք պարզել, թե ինչպես են դրանք հասել այնտեղ, ինչու են հասել այնտեղ, քանի որ չպետք է լինեին այնտեղ», - ասել է Մենդոզան՝ ենթադրելով, որ անվտանգության որոշ կանոններ չեն պահպանվել։
Դատախազները չեն բացառել, որ քրեական մեղադրանք կառաջադրվի, այդ թվում՝ Բոլդուինի դեմ, որը ֆիլմի պրոդյուսերներից մեկն է։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Այս պահին ոչ ոք բացառված չէ», - մամուլի ասուլիսում հայտարարել է Սանտա Ֆե շրջանի դատախազ Մերի Քարմաք-Ալթվիսը:
Այս պատմությունն առիթ դարձավ, որ հանրային քննարկում սկսվի՝ ինչպես պետք է կարգավորել հրազենի կիրառումը ֆիլմերի նկարահանումների ժամանակ: Արդյունաբերության որոշ փորձագետներ ասում են, որ այն պետք է արգելվի համակարգչային պատկերների դարաշրջանում: